Ցանկացած կարգավորում, որն ազդելու է ինֆորմացիայի ազատ հոսքի վրա անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությանը. Արա Ղազարյան

ՀՀ-ում ատելության խոսքը կարգավորելու միտումներ կային, բայց կարծես թե այս երևույթից աստիճանաբար անցում կատարվեց դեֆամացիայի կարգավորման դաշտ, որի անհրաժեշտությունը չկար: Հայտնում է Փաստինֆոն:

 

Միջազգային իրավունքում զրպարտություն և վիրավորանք տարբերակում չի դրվում, ցանկացած խոսք, որն արատավորում է անձի արժանապատվությունը, դա դեֆամացիա է, բայց ատելության խոսք չէ: Ատելության խոսքը շատ նեղ սահմանվող, հիմնականում 10 կատեգորիաներով պայմանավորված հասկացություն է: Այս մասին «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ ասաց Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ պետք չէր դեֆամացիան կարգավորել, այն պետք է մնար քաղաքացիաիրավական դաշտում, այլ ոչ թե բերվեր քրեաիրավական դաշտ.

«Բայց, ցավոք, աստիճանաբար, արվեց այն, ինչ չպետք է արվեր՝ քրեականացվեց դեֆամացիան։ Ատելության կարգավորումից զատ սկսվեց նաև էլ ավելի խստորեն կարգավորել դեֆամացիան»,-ասաց Արա Ղազարյանը:

Անդրադառնալով նախորդ խորհրդարանում ընդունված վիրավորանքը քրեականցնող նախագծին, փորձագետը նշեց, որ դրա նպատակը նախևառաջ նախականխելն էր.

 

«Դեռ հոդվածը չգրած՝ լրագրողը մտածում է, որ կարող է հանցագործ դառնալ և հոդված չի գրում: Այսինքն՝ նման նորմեր սահմանելու առաջին բացասական հետևանքը արարքի նախականխումն է»,-ասաց բանախոսը:

Արա Ղազարյանը նաև ընդգծեց, որ միջազգային իրավունքով հստակ սահմանված է՝ ցանկացած կարգավորում, բարեփոխում, որն ազդելու է ինֆորմացիայի ազատ հոսքի վրա, դա անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում.

«Սա պետք է ընդունենք որպես եվրոպական կարգ, ուրեմն մենք դեմ ենք գնում եվրոպական կարգին»,-ասաց նա: