ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են Կութ գյուղի տարածքը․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հայտարարությունը, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում: 

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը երեկ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով հրապարակված անհերքելի փաստերը: 

Այս բոլոր փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մենք դա հիմնավոր ստուգել ենք մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով: 

Հայտարարությամբ որոշվել էր հրապարակել ոչ բոլորը, բայց ադրբեջանական ՊՆ հերքումից հետո լրացուցիչ տեսանյութ-ապացույց ենք հրապարակում, որը հենց Կութ գյուղից է արված երկու օր առաջ՝ ժամը 22:30-ի սահմաններում: 

Այնպես որ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ նրանց զինված ուժերը պետք է բացառեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները: 

Բոլորը պետք է միշտ նկատի ունենան, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է միայն հիմնավոր փաստեր ու կան ավելին, քան հրապարակված է: 

Դրանք բոլորը արձանագրվում և ուղարկվում են միջազգային կազմակերպություններին», - ասված է ՄԻՊ հայտարարությունում։

Քաղաքականություն