
30 նմուշառված դեպքից Հայաստանում հաստատված ունենք 25 դելտա և 5 բրիտանական շտամերի առկայություն. Ավանեսյան

Կորոնավիրուսի դրական դեպքերի թիվը դանդաղ աճ է գրանցում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Առաջիկայում մեզ սպասվում է ուսումնական նոր տարվա մեկնարկը և ամեն բան պետք է անենք, կանոնները պահպանելով, հնարավորինս զսպել համավարակի աճը»,-նշեց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նաև պատվաստումների ցուցանիշները։ Այս պահի դրությամբ իրականացվել է 190 036 պատվաստում, որից 6188 պատվաստումն իրականացվել է երեկ։ Նախարարի խոսքով պատվաստման տեմպի լավ առաջընթաց ունենք։
«Անցած շաբաթ սեկվենավորել էինք շրջանառվող շտամերը և 30 նմուշառված դեպքերից ունեինք 25 դելտա շտամի առկայություն և 5 բրիտանական շտամի առկայություն։ Կանոնավոր կերպով կշարունակենք այս սեկվենավորման աշխատանքները։ Այս շտամն աչքի է ընկնում տարածելիության բարձր մակարդակով, ինչը բերում է նաև հիվանդացության աճի»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե օտարերկրացիները պատվաստվածների որ մասն են կազմում, ինչին ի պատասխան Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հուլիսի 15-ից են վարում առանձին վիճակագրություն.
«Հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը պատվաստվել է 58108 անձ, որոնցից 56 010-ը եղել են ՀՀ քաղաքացի, իսկ 2096-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Օտարերկրացիները ևս պատվաստվում են, բայց այն շատ փոքր համամասնություն ունի ընդհանուր պատվաստումների վիճակագրության մեջ»,-հավելեց նախարարը։