Մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է. Արմեն Սարգսյանը Ճապոնիայում է

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Հանրապետության նախագահը մասնավորապես խոսել է Ճապոնիա այցի նպատակների, ուժեղ երկիր կառուցելու և այդ գործում սփյուռքի դերի, ինչպես նաև պատերազմի հետևանքների ու քաղած դասերի մասին:

«Պատերազմի հսկայական դժվարությունները կարող ենք նկարագրել մեկ բառով, որը կոչվում է ճգնաժամ: Ճգնաժամ է, քանի որ հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել, շատ երիտասարդներ կորցրել են իրենց առողջությունը, կա բարոյահոգեբանական ճգնաժամ է, քանի որ պատերազմում տանուլ տալը դժվար է հոգեբանորեն՝ մանավանդ մի ժողովրդի համար, որը սրանից 26 տարի առաջ պատերազմում հաղթել էր,- ասել է նախագահը:

 

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար նախ և առաջ պետք է օգտագործել մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը: Խոսելով Սփյուռքի ներուժը հօգուտ երկրի զարգացման օգտագործելու կարևորության մասին՝ նախագահ Սարգսյանը դրա հիմնական ուղիներից մեկը համարել է սահմանադրական փոփոխությունները: «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ցանկացած հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հնարավորություն ունենա իր ցանկությամբ ծառայել հայրենիքին, և որևէ պատնեշ չպետք է լինի»:

Ընդգծելով, որ ուժեղ Հայաստանը նաև տեխնոլոգիապես զարգացած Հայաստանն է, նախագահն ասել է, որ մեր բոլորի ուղղվածությունը պետք է լինի դեպի ապագա. «Իսկ ապագան ոչ թե սովորական ծրագրավորումն է, այլ՝ արհեստական բանականությունը, ոչ թե սովորական կենսաբանությունն է, այլ՝ կենսատեխնոլոգիաներն են»: Նախագահը նշել է, որ Ճապոնիա այցի նպատակներից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունների հետ հանդիպումներն են. «Հայաստանն ու Ճապոնիան կարող են աշխատել իրար հետ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հույս ունեմ, որ ճապոնական ընկերությունները կմասնակցեն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործընթացին»: