Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել 2 հայ բլոգերների նկատմամբ

Ադրբեջանում շարունակվում է շինծու դատական գործընթացը հայազգի 2 բլոգերների` Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ, գրում է apa.az կայքը: 

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում  հայտարարվել է հետաքննություն սկսելու մասին: 

Դատախազը կարդացել է շինծու մեղադրական եզրակացությունը, ըստ որի «մեղադրյալները ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը, հավաքել են ռազմական տեղեկատվություն, այն փոխանցել են Հայաստանի հատուկ ծառայություններին և լրտեսություն են իրականացրել»: 

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահպանում), 276-րդ (լրտեսություն), 279-րդ (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում օրենսդրությամբ), 318-րդ (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: 

Դատավորն ասել է, որ եթե դատական քննության ընթացքում ապացուցվեն մեղադրանքները, մեղադրյալները կարող են դատապարտվել մինչև 15 տարի ազատազրկման: 

  

Քաղաքականություն