
Գրիգորյանը չի կարողացել մուտք գործել Եվրամիության տարածք` «AstraZeneca»-ով տատվաստվելու արդյունքում. ԵՄ-ն չի ընդունում պատվաստումը

Հանրային Ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանն օրեր առաջ հրապարակում էր արել ֆեյսբուքյան իր էջում և գրել, որ Նորվեգիա՝ դստեր և թոռներին իր այցելությունը հնարավոր չի եղել իրագործել պատվաստանյութի պատճառով։ Գրառման մեջ հեղինակը նշում էր, որ Նորվեգիան ընդունում է պատվաստված մարդկանց, սակայն այդ պատվաստանյութը պետք է ընդունված լինի Եվրամիության կողմից։ Պարզվել էր, սակայն, որ «AstraZeneca» պատվաստանյութը չի ընդունվում Եվրամիության կողմից։
ArmDaily.am-ի հետ զրույցում Մարկ Գրիգորյանն ասաց, որ Առողջապահության նախարարության արձագանքն իրեն գոհացրել է այնքանով, որ իրենց բացատրել են՝ Եվրամիությունը չի ընդունում Հայաստանում արած պատվաստումները։
«AstraZenca»-ն որպես դեղ Եվրամիության կողմից ընդունված է, բայց պատվաստումը Հայաստանում արված՝ ընդունված չի։ Հիմա ես չգիտեմ՝ դա ընդունված չի, որովհետև ով է վատ աշխատել։ Դա ես չեմ կարող ասել, թե ում պատճառով էր։ Առողջապահության նախարարությունը սկզբից երկու օր ինձ աջ ու ձախ գցեց, որ հետո նոր իրենք հայտարարություն գրեն իրենց էջում, որ այո, այդպես չի։ Այսինքն, այո, այդ դեղն ընդունված է և պատվաստման խնդիր կա և իրենք աշխատում են դրա վրա։ Հիմա մենք գիտենք ինչ է դա նշանակում՝ դա նշանակում է, որ տվյալ պահին դա հնարավոր չի։ Իսկ թե իրենք աշխատում են, թե չէ՝ ճիշտն ասած ինձ քիչ է հետաքրքրում»,-ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ իր հետ կապ է հաստատել Առողջապահության նախարարության մամլո խոսնակը և խոստացել է, որ իր հետ կկապվեն պատասխանատու անձինք և ամեն ինչ կբացատրեն։
«Ոչ կապվել են, ոչ էլ բացատրել են։ Ինձ խոստացել է գրավոր ձևով, մենք մեսինջերով շփվել ենք, խոստացել է, որ Ձեզ վաղը կզանգեն, այդ վաղը երեկ էր, ինձ ոչ ոք չի զանգել, ոչ մի բան չի ասել և փաստորեն ես ստիպված եղա անժամկետ հետաձգել իմ այցը Նորվեգիա, որովհետև այնտեղ չի ընդունվում մեզ մոտ արված պատվաստումը»,- հավելեց Գրիգորյանը։
Կապ հաստատեցինք Առողջապահության նախարարության մամլո խոսնակի հետ՝ հասկանալու համար, թե համապատասխան մասնագետները կապվել են Մարկ Գրիգորյանի հետ, թե ոչ՝ մեզ ասացին, որ արդեն 4-5 օր է, ինչ պարզաբանումներ են արվում հրապարակային ձևով և որ թեժ գծի աշխատողը փորձել է կապ հաստատել պրն Գրիգորյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանել։
Գրիգորյանն այս պարզաբանմանը պատասխանեց, որ իրեն ոչ ոք չի զանգել, իսկ ինչ վերաբերում է հրապարակային հայտարարություններին, ասաց․ «Գիտեք, ինձ համար դա ընդունելի է, բայց երբ որ ինձ ասում են, որ կզանգահարեն, հետո չեն զանգում՝ դա այնքան էլ լավ վարվելակերպ չի, այո՞։ Եթե ինձ չասեինք, որ կզանգահարեին՝ խնդիր չէր առաջանա, բայց երբ որ ասում են՝ Ձեզ կզանգահարեն ու կպարզաբանեն ու չեն զնագահարում՝ դա այնքան էլ լավ բան չի»։
Մարկ Գրիգորյանի հետ զրույցից մի քանի րոպե անց վերջինս կապ հաստատեց մեզ հետ։
«Ես անում եմ հայտարարություն։ Ես խնդրում եմ Ձեր միջոցով, որ Առողջապահության նախարարությունը դադարեցնի ինձ հետապնդել և ես խնդրում եմ, Ձեր միջոցով, որպեսզի Առողջապահության նախարարությունը, փոխանակ զբաղվի ինձանով՝ թող ավելի լավ է զբաղվի նրանով, որ արված պատվաստումը ընդունվի եվրոպական երկրների կողմից։ Ես չէի սպասում, որ այն փաստը, որ Եվրոպայի կողմից այստեղ արված պատվաստումը չի ընդունվում՝ Առողջապահության նախարարաության կողմից կարժանանա այ էդ կարգի ռեակցիայի, և փոխարենը իրենք անեն իրենց գործը՝ սկսեցին ինձ հետապնդել տարբեր հեռախոսազանգերով և տարբեր իրենց պաշտոնյաներով»,-ասաց Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց, որ մեր զանգից հետո իրեն զանգահարել է բողոքների բաժնի ղեկավար Հասմիկ Հարությունյանը և իրեն վերագրել է չեղած բաներ և չասված նախադասություններ։
«Այսինքն, ինքը ինձ կրկնեց նախարարության պաշտոնական պարզաբանումը, ես ասացի, որ Դուք ընդամնեը պարզաբանում եք՝ ինքն ասեց, որ Ձեր բոլոր բարձրացրած հարցերին մենք կպատասխանենք։ Դա, գիտեք ինչ, դա իմ խոսքերի խեղաթյուրման ուղղակի փորձ էր։ Ես չափազանց վրդովված եմ, ես անձամբ խնդրում եմ, որ այլևս Առողջապահության նախարարության պաշտոնյաները ինձ այդ հարցով չդիմեն։ Այս պատմությունը արդեն բոլոր մաշտաբներից, բոլոր խելամիտ սահմաններից դուրս է գալիս։ Ընկնում են իմ հետևից, այնինչ ես ընդամնեը հարց տվեցի՝ Եվրոպայի կողմից ընդունվում է, թե չէ։ Այդ հարցի պատասխանը տալու համար ինձ արդեն մի շաբաթ է դրել են պրեսսի տակ»,-եզրափակեց Մարկ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր․ «Հայաստանում օգտագործվում է «AstraZeneca» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է Եվրամիության երկրների համար։ Չկան այդ պատվաստանյութի այլ տեսակներ, կա այդ ընկերության կողմից արտադրված պատվաստանյութ, որը Եվրամիությունն ընդունել է։
Մեր երկրում այժմ օգտագործվում է Եվրամիության տարածքում արտադրված «AstraZeneca»։