
Ասեցին, որ ես չարիք եմ Մեղրիի համար, ես չպետք է Մեղրիում լինեմ․ Մեղրիի զորամասի հրամանատարը՝ ծառայությունից հեռացվելու մասին

ArmDaily.am-ի զրուցակիցն է Մեղրիի զորամասի նախկին հրամանատար Արգամ Գևորգյանը։
-Պրն Գևորգյան, Ձեր զորամասի աշխատակցուհիներից մեկի դիմումի հիման վրա, որ Դուք զորամասում քաղաքական գործունեություն եք ծավալել՝ ծառայողական քննություն էր սկսվել Ձեր դեմ։ Ի՞նչ ցույց տվեց ծառայողական քննությունը։
-Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, ես քաղաքականություն չեմ սիրում։ Իսկ ծառայողական քննությունը ցույց տվեց, որ ես մաքուր եմ ու որ իմ հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները անհիմն էին։
-Այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված Ձեր քաղաքականությամբ զբաղվելու մեղադրանքները։
-Ինձ ասեցին, որ չշփվեմ իմ ընկերոջ՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ, նույնիսկ իմ հայրը չի կարող ինձ նման բան ասել։ Կամ ինչու ես պետք է չշփվեմ իմ ընկերների հետ, ոչ ոք դա ինձ արգելելու իրավունք չունի, այն էլ այն ընկերների, որոնց հետ մարտի դաշտում կողք կողքի կռվել ենք, վիրավորվել։ Ես, Մխիթար Զաքարյանը «Արևիկ» պարկի արդեն նախկին տնօրեն Գագիկ Գևորգյանը միասին ենք վիրավորվել։ Ո՞նց կարող եմ այդպիսի ընկերների հետ չշփվել։Ի նձ մեղադրում են իշխանություններին հայհոյելու մեջ՝ ես էլ ասում եմ՝ թող ապացուցեն, բայց չեն կարող, որովհետև նման բան չի եղել։
-Շարունակելո՞ւ եք ծառայությունը բանակում։
-Ոչ, չեմ շարունակելու։ Ինձ ասացին, որ կադրային ռեզերվ են տեղափոխելու, բայց ես հրաժարվեցի շարունակել ծառայությունս։ 25 տարի ծառայել եմ, պարտքս երկրին կատարել եմ, պատերազմներին մասնակցել եմ։ Հրաժարվեցի կադրային ռեզերվում ներառված լինել։
-Իսկ ինչո՞վ պատճառաբանեցին Ձեր՝ ծառայությունից հեռացումը։
-Ասեցին, որ ես չարիք եմ Մեղրիի համար, ես չպետք է Մեղրիում լինեմ։ Դե եթե ես չարիք եմ, ուրեմն կհեռանամ, որ Մեղրին «վտանգի» մեջ չլինի։
-Իսկ նման մեղադրանքի հիմնավորումը ո՞րն էր։
-Դե երևի թուրք եմ խփել ՝ դրա համար, ինչ իմանամ։
-Գրիգորի Խաչատուրովի հետ էլ պայմանագիրը հետաձգեցին։ Ի՞նչ եք կարծում՝ Ձեզ հետ կապված նույն շղթայի շարունակությու՞նն է։
-Ինչքան կռվող հրամանատար կա՝ բոլորին հեռացնում են։ Խաչատուրովի նման հրամանատար չեն կարողանալու գտնել, նրա նմանը չկա, ո՞նց կարելի է նրա նման հրամանատարին հեռացնել բանակից։
-Լավ, իսկ այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում իշխանությունների կողմից նման քաղաքականությունը։
-Երևի թե ուզում են լեքսուս գեներելաներ ու հրամանատարներ ունենալ, որ խելոք-խելոք միայն իրենց հրահանգները կատարվեն։
-Իսկ ինչո՞վ եք զբաղվելու ծառայությունն ավարտելուց հետո։
-Կգնամ Ամերիկա՝ ծնողներս այնտեղ են, 18 տարի ծնողներիս չեմ տեսել, կգնամ կարոտս կառնեմ։ Այստեղ էլ ինչի՞ համար մնամ։
-Չե՞ք ափսոսում, որ ժամանակից շուտ ավարտվեց Ձեր ծառայությունը։
-Ցավ եմ ապրում։