
Ադրբեջանի կողմից այսօր բացած կրակահերթը տևել է մոտ 3 ժամ․ ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում

Ադրբեջանական զինված ուժերն այսօր կրակել են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել ժամը 16:30-ի սահմաններում։ Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում»,– Facebook–ի իր էջում գրել է նա` նշելով, որ ահազանգեր է ստացել նշված գյուղերից, և դրանք ստուգմամբ հաստատվել են: Անգամ բնակիչների ահազանգերի ընթացքում կրակոցները լսվել են:
Կրակոցները գյուղերում եղել են պարզ լսելի: Առավել ուժգին լսելի են եղել Կութ և Վերին Շորժա գյուղերի արոտավայրերում (սարատեղիներ):
«ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, ֆիզիկական անվտանգության, խաղաղ կյանքի և այլ կենսական իրավունքների համար: Ակնհայտ է, որ ադրբեջանական կրակոցները, ՀՀ սահմանային բնակիչների կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն: Այս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով»,,– նշել է Թաթոյանը:
Նրա խոսքով` այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Գեղարքունիքի և Սյունիքի կողմից: Նշված արարքները պետք է դիտարկել միասնական հանցավոր դիտավորության մեջ:
Թաթոյանը կրկին շեշտում է` ՀՀ բնակչության իրավունքները ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից պաշտպանելու համար պետք է շտապ անվտանգության գոտի ստեղծել։
«Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարում են մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները»,– եզրափակել է նա: