«Թիթեռնիկ» մանկապարտեզի երեխաների ծնողների բողոքի ակցիան Քաղաքապետարանի դիմաց

«Եր երեխաները երկուշաբթի ո՞ւր պետք է գնան». այս հարցադրմամբ այսօր Արաբկիր համայնքի թիվ 22 «Թիթեռնիկ» մանկապարտեզի երեխաների ծնողները հավաքվել էին Քաղաքապետարանի դիմաց: Այս մասին հայտնում է 168.am-ը

 

Մայիսի 3-ից մանկապարտեզը կանգնում է հիմնավոր վերանորոգման. Ծնողների խոսքով, դռները փակվում են 18 ամսով, որի արդյունքում ավելի քան 160 երեխա մնում է առանց նախադպրոցական կրթության, աշխատակիցներն էլ հարկադիր պարապուրդի են մատնվելու. Երկու պահանջ ունեին, կամ տարածք հատկացնել, որ իրենց երեխաներն ու մանկապարտեզի աշխատակիցները կարողանան այնտեղ շարունակել գործունեությունը, կամ տեղավորել երեխաներին այլ մանկապարտեզներում: Լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը հայտնեց, որ նրանք այս որոշման մասին իմացել են ապրիլի 27-ին, չնայած վերանորոգման մասին խոսակցություններ եղել են ավելի վաղ: 
«Դեռ մեկ տարի առաջ, երբ կորոնավիրուսի պատճառով մանկապարտեզները փակվեցին, մենք մտածեցինք, որ այդ ժամանակ կարող է վերանորոգումը լինի, երբ ամբողջ հանրապետությունը հարկադրված տանը նստած էր: Որոշումը եղել է 2 տարի առաջ, ծրագիր է եղել, շահել են, պետք է վերանորոգումը տեղի ունենար , բայց չեղավ: Պարբերաբար հարցրել ենք, թե երբ է լինելու, ասել են, որ վերջնական պատասխան չկա Քաղաքապետարանի կողմից, երբ լինի, կտեղեկացնենք, բայց խնդիր չի լինելու, ձեր երեխաներին տեղավորելու են այլ մանկապարտեզներում, այսինքն, վերանորոգումը ծնողների համար պետք է խնդիր չառաջացներ, մի բան էլ կուրախանայինք, որ վերադառնալու ենք նորոգված մանկապարտեզ: Բայց փաստն այն է, որ մեզ երեքշաբթի տեղեկացնում են, որ երկուշաբթի օրվանից մենք մանկապարտեզ չենք գալու, ու տեղավորման հարցը, տեսնում եք, ինչ վիճակում է », - ասաց ծնողներից մեկը, ում երեխան 5 տարեկան է, նախադպրոցական տարիքում:

 

«Ծնողները երկուշաբթի օրը կանգնելու են խնդրի առաջ, տեղ չունեն բալիկներին թողնելու: Ավելի շուտ գիտենք՝ որտեղ կթողնենք, կբերենք Քաղաքապետարան մեր բալիկներին: Թող սպասեն, եթե մինչև երկուշաբթի լուծումը չտան»,- ասաց մեկ այլ ծնող:

«Ես մի ամիս առաջ եմ իմ փոքր երեխային ընդունել կրտսեր խումբ, էդ ժամանակ ինչո՞ւ ընդունեցին, ինչո՞ւ չասացին, որ կանգնում է վերանորոգման մանկապարտեզը, խնդրում ենք, գրանցեք ուրիշ մանկապարտեզ, ուրիշ տեղ հերթ կանգնեք»:

Հավաքվածների խոսքով՝ մանկապարտեզի երեխաներից մեծ մասի ծնողները՝ և՛ հայրը, և՛ մայրը, աշխատում են, կան նաև չգրանցված աշխատողներ:

«Ծնող կա, որ գրանցված աշխատող չէ, բա էդ ծնողն ի՞նչ անի: Երեխային պահող չունեմ, ծնողներս այստեղ չեն, վճարովի համակարգ չեմ կարող տեղափոխել, որովհետև ի վիճակի չեմ»,- ասաց ծնողներից մեկը:

Քաղաքականություն