Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Ուկրաինային

Թուրքիան մտահոգված է Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ և պատրաստ է Ուկրաինային «ցանկացած անհրաժեշտ աջակցությունը» տրամադրել այդ տարածաշրջանում լարվածության թուլացման համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Էրդողանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը Ուկրաինայի սահմաններին կկարգավորվի «դիվանագիտական ճանապարհով, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի շրջանակներում»։ Թուրք առաջնորդը նաև հայտարարել է, թե աջակցում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարին։ 

Վլադիմիր Զելենսկիի խոսքերով` Էրդողանի հետ բանակցություններում քննարկել են Սևծովյան տարածաշրջանում մարտահրավերներին համատեղ հակազդելու և անվտանգության հարցեր։ «Անհրաժեշտ է նշել, որ Կիևի և Անկարայի տեսլականները համընկնում են ինչպես սպառնալիքների, այնպես էլ դրանց արձագանքելու ուղիների վերաբերյալ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ 

Ըստ ուկրաինական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Զելենսկին և Էրդողանը նաև պայմանավորվել են շարունակել համատեղ քայլերը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ։ 

 

Սակայն կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկ այլ հայտարարություն էլ է արել. 

 

«Երեկ մենք հանդիպել ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մենք ցանկանում ենք, որ նրանք որքան հնարավոր է շուտ լուծեն իրենց վեճերը խաղաղ ճանապարհով, և մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ», – մեջբերում է Milliyet թերթը Էրդողանի խոսքը, որը չի հստակեցրել, թե Անկարայի ինչ ջանքերի մասին է խոսքը։