Առաջիկայում Հայաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել Կուբաթլուի և Զանգելանի շրջանների հետ կապված. Նիկոլ Փաշինյան
Առաջիկայում Հայաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել Կուբաթլուի և Զանգելանի շրջանների հետ կապված։
Այս մասին այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ շրջանների մասին համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին, ցավոք, այդ տարածքները մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն` ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Եվ այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը չբացառեց, որ այդ գործընթացի շուրջ ևս առաջիկայում կարող է որոշակի լարվածություն առաջանալ։
«Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, որի սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան, և հայկական կողմն առաջիկայում պետք է որոշում կայացնի այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ: