Իրանից Էրդողանին խորհուրդ են տվել լավ ուսումնասիրել պատմությունը

Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել լավ ուսումնասիրել պատմությունը, գրում է IRNA գործակալությունը։ 

«Էրդողանի վերջին դիտողություններն ինձ ապշեցրել են։ Հետաքրքիր է՝ Թուրքիայի նախագահը գիտի՞՝ ինչ է խոսում։ Պարոն նախագահ, հարևանության և էքսպանսիոնիզմի ակնկալիքի միջև տարբերություն կա»,-Twitter-ի իր էջում գրել է Աբդոլլահիանը: 
Նա նաև Էրդողանին կոչ է արել հայտարարություններով հանդես գալուց առաջ կարդալ պատմությունը։ 
«Խնդրում եմ ուշադիր կարդացեք Իրանի և մասնավորապես՝ Իսլամական Հանրապետության պատմությունը», - հավելել է նա։ 

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։ 
«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։  Ղաթիբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։ 
 

Քաղաքականություն