Մարտակերտի գրեթե բոլոր բնակավայրերում վերաբացվել և գործում են դպրոցները

Արցախի Մարտակերտի շրջանում առաջնահերթ խնդիրներից է բնակարանային ապահովման լուծումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

«Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության հետևանքով մասամբ կամ ամբողջությամբ վնասվել է Մարտակերտի բնակֆոնդի 70-80 տոկոսը: Ընդ որում՝  հիմնովին ավերված բնակարանների թիվը համեմատաբար փոքր է: Մեծամասամբ վնասվել են բնակելի շենքերի ու առանձնատների տանիքներն ու պատուհանները: Մարտակերտ է վերադարձել շրջկենտրոնի բնակչության 50, իսկ գյուղերում՝ 90 տոկոսը: Այդ թվերն  այժմ աճողական միտում ունեն»,– ասել է նա:

Հայկ Բախշիյանը տեղեկացրել է, որ բնակչությանը տեղավորելու համար տրամադրում են պոլիէթիլենային թաղանթներ պատուհանները ժամանակավորապես ծածկելու համար, նաև աշխատանքներ են տանում վնասված բնակֆոնդի վերականգնման ուղղությամբ, սակայն  դրանք առայժմ դանդաղ են ընթանում՝ կապված շինանյութի մատակարարման խնդիրների հետ:

«Ընդհանուր առմամբ շրջանի բնակավայրերում են վերաբնակվել նաև Մարտակերտի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած գյուղերի 360 ընտանիք: Թալիշի ու Մատաղիսի բնակչության հետ միասին անօթևան մնացած ընտանիքների թիվը հասնում է 500-ի: Նրանց բնակարաններով ապահովելու համար, ընդհանուր առմամբ, կպահանջվի համապատասխան թվով նոր բնակարաններ: Խնդրի լուծման համար նախատեսում ենք նաև գնել և նրանց տրամադրել այն բնակարանները, որոնց սեփականատերերը տարիներ շարունակ փաստացի այստեղ չեն բնակվում»,- մանրամասնել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Մարտակերտի շրջանի գրեթե բոլոր բնակավայրերում, բացի երկու գյուղից, վերաբացվել և գործում են դպրոցական հաստատությունները:  Ներկայում շրջանի դպրոցներում սովորող աշակերտների թիվը կազմում է 1476՝ մինչպատերազմյան 3367-ի փոխարեն:

Անդրադառնալով վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը՝ նա տեղեկացրել է, որ ներկայումս 75-80 տոկոսով վերականգնվել է Մարտակերտի գազամատակարարումը,  գրեթե ամբողջությամբ՝ էլեկտրամատակարարումը: 

«Մարտակերտում այս պահին վատ վիճակում են գտնվում կապի միջոցները: Համացանց առայժմ չկա: Դժվարությամբ ենք կարողանում զանգահարել Հայաստանի Հանրապետության հեռախոսահամարներով և հակառակը՝ այնտեղից չեն կարողանում զանգահարել մեզ»,- նշեց Հայկ Բախշիյանը:

Քաղաքականություն

Պատահարներ