Երեկվա ելույթս ուներ 2 նպատակ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին, նշեց.
«Սիրելի ժողովուրդ.
Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: Եւ անկեղծ ասած, տարօրինակ չթվա ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը եւ նաև հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:
Երկու խնդիրն էլ լուծվալ են են լիովին, մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով: Եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար:
Մեր խնդիրը ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին:
Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Երբեք չի մոռանա:
Եւ առավելեւս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:
Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն ու մենք կհաղթենք:
Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումը աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում և բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների եւ վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։
Սա հնարավոր է դարձել, այդ թվում, մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի և հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների, իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը:
Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչինչից: Թույլ չենք տալու ներքին եւ արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից:
Այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետեւ՝
Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս,
Եւ տեսել քմծիծաղը ստի,
Բայց մեր կամքը ամուր է քարից էլ,
Մեր ոգին հանձնվել չգիտի:
Եւ ուրեմն՝ դու հաղթող ես հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը: Եւ վստահ եղիր, քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե ոչ մի վայրկյան չի շեղվել եւ չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից:
Եւ ուրեմն,
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի հանրապետությունը,
Կեցցե հայոց բանակը
Եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում,
ազատ եւ երջանիկ Արցախում: Շնորհակալ եմ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...
Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ, ապա հեռացրեց տեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որն ո...
Փաշինյանը բացատրել է, թե ինչ նկատի ունի փոխզիջում ասելով. Al Jazeera
Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խ...