ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քիմպրոմ մենեջմենթում» արված գողությունը բացահայտվել է. գողությունը կատարել են 22 եւ 26-ամյա երիտասարդներ
Այս տարվա փետրվարի 21-ին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել Լոռու մարզային քննչական վարչությունում: Գողությունը կատարվել էր Վանաձորում: Փետրվարի 8-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Քիմպրոմ մենեջմենթ» ընկերության մի արտադրամասից անհետացել էին էլեկտրական երկու շարժիչ ու մալուխներ: Պատճառվել էր ավելի քան 400 հազար դրամի վնաս:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ կատարվածը մի հոգու գործ չէր, որ մտել էին ընկերության արեւմտյան դարպասից` հանելով փեղկերն ագուցող շղթան: Իրավապահների հետագա գործողություններն ուղղված էին կասկածյալների շրջանակը փոքրացնելուն:
Վերջապես, օրեր առաջ, ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ վերոհիշյալ գողությունը կատարել են երկուսով` Վանաձորի 22-ամյա եւ Գուգարք գյուղի 26-ամյա երիտասարդներ:
Այս դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները դեռ շարունակվում են: Իսկ մինչ այդ պարզվել է, որ Գուգարք գյուղի 26-ամյա բնակիչը գողություններ է արել նաեւ անցած տարվա դեկտեմբերին: Մասնավորապես, Վանաձորի Միչուրինի փողոցի մի տան բակից տարել է երեք մարտկոց, իսկ «Վանաձոր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքից հափշտակել է գունավոր մետաղ պարունակող դետալներ:
Միջոցառումները շարունակվում են: