
Կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը շարունակվում է. 6 օր անընդմեջ 200-ից քիչ դեպք է գրանցվել. Նիկոլ Փաշինյան

Կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել, և սա բացառապես պայմանավորված է հակահամաճարակային կանոնների պահպանման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված: Այս մասին Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գործնականում 6 օր ունեինք ամենօրյա դեպքերի՝ 200-ից նվազ քանակ, երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203 դեպք՝ 1938 հետազոտությունից: Պետք է ամեն ինչ անենք՝ հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով հակահամաճարակային կանոնների շարունակական պահպանման կարևորությունը:
«Մենք պետք է մաքսիմալ նախանձախնդիր լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման գործում, մանավանդ, որ այդ կանոնների որոշակի թուլացում ենք ունեցել, և դրանց պահպանումն ավելի հեշտ է, քան նախկինում»,-նշեց Փաշինյանը:
Վերջինս անդրադարձավ նաև երեկ Երևանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքի մասնակի փլուզմանը՝ նշելով, թե դեպքը, ըստ էության, տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով. «Քրեական գործ է հարուցվել, կպարզվեն բոլոր հանգամանքները: Ուզում եմ հայրենակիցների ուշադրությունը հրավիրել այս հարցին՝ խնդրելով, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին»:
Նրա խոսքով՝ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիները ապահովված են ժամանակավոր կացարանով: «Նրանք հյուրանոցում կանցկացնեն մեկ շաբաթ՝ մինչև հետագա հարցերի լուծումը: Մի շարք ընտանիքներ ցանկացել են այլ տեղ տեղավորվել: Հարցը Կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ»,-նշեց վարչապետը: