Քաղաքացիները մեծ թվով ինքնաձիգներ ու ատրճանակներ են կամավոր հանձնել ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ակտիվ աշխատանքը՝ այդ համատեքստում իրականացնելով նաև բացատրական աշխատանք։
Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 10-ին Արմավիրի մարզի բնակիչներից մեկը զանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին ու հայտնել, որ տարիներ առաջ ձեռք բերած գործարանային համարով ինքնաձիգ ու 41 հատ փամփուշտ է թողել Ոսկեհատ գյուղի ճանապարհին գտնվող մի շինության մոտ։ «Կալաշնիկովն» ու փամփուշտները հայտնաբերվել են։
Նույն օրը Արմավիրի մարզի մեկ այլ բնակիչ Էջմիածին քաղաքի շինություններից մեկի մոտ թողել է կարճեցված խզակոթով, առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ ու զանգել ոստիկանություն՝ հայտնելով, որ հրազենը ցանկացել է հանձնել ոստիկաններին։
Արմավիր քաղաքի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, «Ֆ 1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է նկուղը մաքրելիս։
Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 69-ամյա մի տղամարդ ոստիկանության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրազեն՝ երկու փամփշտատուփով, նռնակներ, տարբեր տրամաչափի 250-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ ընկերոջը։
Ինքնաշեն հրացան, նռնակ ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ ոստիկանության Մեծամորի բաժնում կամավոր հանձնել է Ակնալիճ գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ հանգուցյալ հորը պատկանած զենք-զինամթերքը գտել է գոմի տանիքը նորոգելիս։
Շիրակի մարզի Ջրափի գյուղում բնակվող մի տղամարդ հունիսի 10-ին ոստիկանության Անիի բաժին է բերել առանց գործարանային համարի ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 16 փամփուշտ։ Տղամարդու հայտնածով՝ հրազանեը գտել է գոմում։ Այն պատկանել է հանգուցյալ հորը։
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Փանիկ գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» տանկային գնդացիր և տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է գոմը մաքրելիս։ Ըստ նրա՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել է Գյումրիում բնակվող մի կին, որի հայտնածով՝ հրազենը պատկանել է հանգուցյալ եղբորը։
Հունիսի 10-ին Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած ինքնաշեն հրազենը, պայթուցիչով «Ֆ 1» տիպի նռնակն ու ինքնաձիգի 50-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է տան տանիքում։
Փոքր Վեդի գյուղի 62-ամյա մի բնակիչ ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կարաբին» տիպի ակոսափող հրազեն, հրանոթի արկ, տարբեր տեսակի նռնակներ, տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ եղբորը։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 10-ին բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Վանաձորի բնակիչ, 63-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է կարճեցված խզակոթով գործարանային համարով հրացան, նռնակ, դետոնացիոն սարքեր և այլն, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ ընկերոջը։ Վանաձորում բնակվող մեկ այլ տղամարդ էլ կամավոր հանձնել է գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ, սվին-դանակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք գտել է գոմում։
Վանաձորի բնակիչ, 66-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Տարոնի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարն անընթեռնելի ատրճանակ և 5,45 մմ տրամաչափի 20 փամփուշտ, որը պատկանել է հանգուցյալ եղբորը։
Թմբուկավոր ատրճանակ ու 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտ ոստիկանության Սպիտակի բաժնում կամավոր հանձնել է Շենավան գյուղում բնակվող, 64-ամյա մի տղամարդ, որի հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում։ Կարմիր գյուղի բնակիչներից մեկը ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է տարբեր տեսակի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, գործարանային արտադրության թմբուկավոր ատրճանակ և փամփուշտներ։ Հացառատ գյուղի բնակիչներից մեկն էլ, դարձյալ Գավառի բաժնում, կամավոր հանձնել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրազեն ու փամփուշտներ ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է Ծովասար գյուղի 55-ամյա մի բնակիչ, որի հայտնածով՝ դրանք գտել է տան տանիքում։ Նռնականետերը, ինքնաշեն նռնակն ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտները դարձյալ Մարտունու բաժնում կամավոր հանձնել է Մարտունիում բնակվող 62-ամյա մի տղամարդ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են եղբորը։
Կապանում բնակվող 37-ամյա մի տղամարդ ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է «Մոսին» հրազեն ու տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։
Երևանում բնակվող մի տղամարդ, որը Արցախյան ազատամարտի մասնակից է, ոստիկանության Էրեբունու բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։