Հասարակություն

Վարկ ենք վերցնում, որ կոմունալ վճարենք․ «Իդեալ» համակարգի աշխատակիցը 2 ամիս է չվարձատրվող արձակուրդում է

Վարկ ենք վերցնում, որ կոմունալ վճարենք․ «Իդեալ» համակարգի աշխատակիցը 2 ամիս է չվարձատրվող արձակուրդում է
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատահական հեռախոսահամարներով զանգահարում էր քաղաքացիներին եւ զրուցում, թե ինչպես են դիմանում արտակարգ դրության պայմաններում, ինչպես են հաղթահարում…

Այսօր  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ուղիղ եթերում պատահական հեռախոսահամարներով զանգահարում էր քաղաքացիներին եւ զրուցում, թե ինչպես են դիմանում արտակարգ դրության պայմաններում, ինչպես են հաղթահարում սոցիալական դժվարությունները:

 

Քաղաքացիներից մի կին նշեց, որ մի կերպ յոլա են գնում. «Ամուսինս չի աշխատում, հիվանդ ծեր, երկրորդ խմբի հաշմանդամ մայր ունեմ, ես նրան եմ պահում, չեմ աշխատում: Ամուսինս «Իդեալ»-ում է գրանցված, 2-րդ ամիսն է իր հաշվին արձակուրդ են տվել, չի աշխատում: Վարկ ենք վերցնում, վարկով վարկ ենք վճարում, կոմունալ ենք վճարում; Այս պահի դրությամբ արդեն 5,8 մլն դրամի վարկ ունենք: Միակ եկամուտն այս ամիսներին մայրիկիս 40 հազար դրամ թոշակն է»:

 

Ամուսինն իր հերթին նշեց, որ իր ամսական եկամուտը 170-200 հազար դրամ է՝ կախված աշխատանքի քանակից, սակայն երկու ամիս իր հաշվին արձակուրդ են տվել:

«Վերջին անգամ 500 հազար դրամի վարկ եմ վերցրել, որից 380 հազար դրամը նախկին վարկերն եմ փակել: Այս պահին 5 հազար դրամ փող կա գրպանումս, էս երկու օրը պետք է նորից դիմեմ բանկերին, տեսնեմ որտեղից կարող եմ աջակցություն ստանալ»:

Այդ ժամանակ հեռախոսում լսվեց, որ հիվանդ մայրը սկսեց ուղիղ եթերում լաց լինել:

Խոսակցությանը միացավ նաեւ կնոջ եղբայրը. «46 տարեկան եմ, ոչ մի տեղ գործի չեն ընդունում թեկուզ որպես վարորդ: Տարիքային սահմանափակում է, մինչեւ 35-40 տարեկաններին են ընդունում: Ես ոչ մեկից փող չեմ ուզում, «Փարոս»-ից չեմ ուզում օգտվել: Ես իմ հոգսերը կհոգամ, բայց գոնե աշխատանք տան»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս զանգի իմաստն այն է, որ հասկանան, թե սոցիալական աջակցության փաթեթները ինչպես ձեւավորեն, որ դրանք հասնեն այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն. «Այդ աջակցությունը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ կարողանան հաղթահարեն այս ծանր շրջանը»:

Չնայած դժվարություններին, տղամարդը նշեց, որ ինքը շատ ուրախ է տեղի ունեցած «հեղաշրջման» համար: Փաշինյանն ժպտալով ուղղեց. «Հեղաշրջում չի, հեղափոխություն է»:

«Եթե մեկը ձեր հասցեին վատ բան է ասում, ես ատամներով ձեզ պահում եմ, որովհետեւ ես ձեզ վստահում եմ ու հավատում եմ»,-ասաց քաղաքացին, ինչին վարչապետն արձագանքեց. «Ամեն ինչ կանենք, որ ձեր հույսերն արդարացնենք, չգիտեմ՝ ինչքան կստացվի: Մենք հիմա պետք է տեսնենք, թե մեր առաջարկած փաթեթներով այս ընտանիքներին աջակցություն հասնելու է, թե ոչ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250