Վարակվածներից 36-ի մոտ առկա է թոքաբորբ. երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Տասնչորս անձանց կորոնավիրուսի թեստերի պատասխանը բացասական է եղել, և նրանք դուրս կգան մեկուսացումից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարը։

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը եղել է 265: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել, կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։