«Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդը ճանաչվել է անմեղսունակ․ Armtimes.com
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդությունը, ինչով պայմանավորված էլ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և անվտանգության միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն էլ, դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, վերացրել է խափանման միջոց կալանավորումը և կիրառել անվտանգության միջոց. Թորոսյանը դարձյալ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Հիշեցնենք, որ Հունվարի 23-ին՝ ժամը 14։40-ին, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ էր վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել էր հրազենը։ 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել էր:
«Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: