Քաղաքականություն

Որո՞նք են բենզինի և դիզվառելիքի ներմուծման ռիսկերը. Բաբկեն Թունյան

WRed 583 դիտում
Որո՞նք են բենզինի և դիզվառելիքի ներմուծման ռիսկերը. Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի ներմուծման հարցերին: Նա ասել է, որ ՏՄՊՊՀ-ն առաջարկել է հնարավորության դեպքում նվազեցնել բենզինի և դիզվառելիքի ներմուծման գործընթացին միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը:

 

Մանրամասները՝ գրառման մեջ.

 

Կարդացի բենզինի և դիզվառելիքի ապրանքային շուկաներում ՏՄՊՊՀ-ի (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) իրականացրած վերլուծությունը։

Որ՞ն էր դրա գլխավոր մեխը՝ ըստ իս։ Նախկինում, երբ մենք ՏՄՊՊՀ-ին հորդորում էինք ներկայացնել վառելիքի շուկայի ընդհանուր պատկերը, շուկայի կառուցվածքը և գնագոյացման մեխանիզմը, ՏՄՊՊՀ-ն խոսում էր գրեթե ամեն ինչի մասին, բացի այդ օղակի մի կարևոր շղթայից, որը կոչվում է «Ռոսնեֆտ-Արմենիա»։

 

Այս անգամ ՏՄՊՊՀ-ն հստակ նշել է, որ Հայաստան մտնող բենզինի և դիզվառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերվում Ռուսաստանից, իսկ Ռուսաստանից եկող վառելիքն էլ ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «ՆԿ Ռոսնեֆտ»-ի դուստր ընկերություն։
Այսինքն՝ ներմուծող ընկերությունները («Ֆլեշ», «CPS» և այլն) վառելիքը ձեռք են բերում ոչ թե անմիջապես արդյունահանող/վերամշակող ընկերությունից, այլ միջնորդ կազմակերպությունից։

 

ՏՄՊՊՀ-ն սա ներկայացրել է որպես կոնկրետ խնդիր, որովհետև վառելիքի միջնորդավորված մատակարարումը էական ազդեցություն է թողնում ՀՀ ներքին շուկայում սպառվող վառելիքի վերջնական գնի վրա։ Այլ կերպ ասած, ինչ-որ մեկը մտել է այս շղթա և տանում է իր շահույթը՝ ազդելով գնի վրա (ՏՄՊՊՀ-ի ներկայացրած այս սխեմայում այդ միջնորդը երկրորդն է՝ դեղին գույնով)։

Թե կոնկրետ որքանո՞վ է միջնորդների առկայությունը ազդում գնագոյացման վրա, ՏՄՊՊՀ-ն չի կարողացել գնահատել որովհետև համապատասխան պայմանագրերը և ինֆորմացիան բացակայում են։ Ընդ որում, ըստ ՏՄՊՊՀ-ի, միջնորդ կազմակերպությունների միջոցով արտոնյալ պայմաններով վառելիքի ձեռքբերումը կարող է առաջացնել մի շարք ռիսկեր, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մրցակցային միջավայրի վրա։

Որպես խնդրի լուծման առաջարկ՝ ՏՄՊՊՀ-ն առաջարկել է հնարավորության դեպքում նվազեցնել միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը ներմուծման գործընթացին։

 

Սա միակ խնդիրը չէ։ Զեկույցում նշված են նաև այլ խնդիրներ և առաջարկներ՝ սկսած բենզինի որակից և լաբորատորիաներից՝ մինչև շուկայի կենտրոնացվածություն և պահանջարկի էլաստիկություն։

Քանի որ թեման շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է հարյուր հազարավոր մարդկանց, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջիկայում կկազմակերպենք աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կքննարկենք այս զեկույցը, անպատասխան մնացած որոշ հարցեր և նշված խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները։

Զեկույցը ամբողջությամբ այստեղ՝ http://www.competition.am/uploads/resources/Petrol_Diesel_Commodity_Markets.pdf

 

Auroranews-ը բենզինի ներմուծման՝ ՏՄՊՊ-ի հրապարակած թվերի մասով խոսեց Բաբկեն Թունյանի հետ՝ փոխանցելով քաղաքացիների այն մտահոգությունը, որ եթե «Սուպեր» տեսակի բենզինի ներմուծման թիվն այնքան փոքր է, որ հրապարակված փաստաթղթում 0 տոկոս է նշվում՝ ի՞նչ են գնում այդ տեսակի բենզինի փոխարեն։ «Այս տեսակի բենզինը շատ քիչ քանակությամբ է ներկրվում երկիր՝ պայմանավորված պահանջարկով»,- նշեց Թունյանը։ Հետաքրքրվեցինք՝ «Սուպեր» տեսակի բենզինի սպառման քանակի հստակ վիճակագրություն կա՞, և հնարավո՞ր է, որ քաղաքացիներին «Սուպեր» անվան տակ այլ տեսակի բենզին վաճառեն, Թունյանը նշեց․ «Այս պահին հստակ չեմ կարող ասել, մենք էլ ենք փորձում հասկանալ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250