Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժողովրդի դեմ ուժ չեք կիրառելու ու Ջերմուկն էլ Չեռնոբիլ չի դառնալու
Քիչ առաջ Ջերմուկից ինձ և իմ գործընկերներին տեղեկություն փոխանցեցին, որ արդեն քանի օր է իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչներ բանակցություններ են սկսել Ամուլսարի դիրքերը պահող ջերմուկցիների և ակտիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը:
Ինձ հետ կապ հաստատած ջերմուկցիները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար:
Կարծում եմ, նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների հանդեպ, հստակ պիտի գիտակցեն դրա բոլոր հնարավոր աղետալի հետևանքները: Ջերմուկ և հարակից գյուղեր ուղարկված բոլոր կարգի «դեսանտներին» բնակիչները մեկ պատասխան են տվել` Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու:
Չանեք քայլ, որի հետևանքները աղետալի են լինելու։
Ուժ որևէ դեպքում, որևէ պարագայում չպիտի կիրառվի»: