ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աջ ղեկով մեքենաները հնարավոր կլինի ներմուծել և Հայաստանում փոխարինել ղեկային համակարգը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթեւ մարդատար ավտոմոբիլների տողով:
Նա ասաց, որ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով:
«Այնուհետեւ մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում»,- ասաց Բադալյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ընդհանրապես արգելել էին աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը, ու ստացվել էր այնպես, որ բազմաթիվ քաղաքացիներ բերում էին ու Վրաստանի տարածքում աջակողմյանը փոխում էին ձախակողմյանի:
«Բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային կարգավորումը փոխել, որից հետո հաշվառվի ու թույլատրվի շահագործումը: Պետք է արձանագրենք, որ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել, շահագործելու դեպքում տուգանքների խնդիր կբացվի: Եկեք պայմանավորվենք, որ մենք ընդառաջ ենք գնում, բայց չարաշահումների փորձ հույս ունենք՝ չի լինի»,- ասաց Փաշինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե կարծում է, որ պետք է քննարկել՝ արդյոք համաձայն են, որ փոփոխված մեքենաները շարունակաբար ներկրվեն ու շահագործվեն Հայաստանում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում. «Ես պարոն Ավինյանի հետ լրիվ համաձայն եմ: Մենք, ըստ էության, գեներացնում ենք վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: Եթե մենք սերտիֆիկացիա չանենք, կպարզվի, որ վթարների մեծ քանակի պատճառը նրանում է, որ ղեկի տեղափոխությունն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձեւով»,- ասաց Գրիգորյանը:
Ավինյանը նշեց, որ պետք է նոր ժամկետ ֆիքսել, որից հետո ընդհանրապես աջակողմյան ղեկով մեքենաները չեն կարող շահագործվել:
«Եկեք պայմանավորվենք, որ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս, ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ նշեց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասել՝ էս էլ ենք անում ու էլ չենք անում:
«Այսինքն՝ հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում, ասում են՝ Վրաստանի արհեստավորն էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողնում՝ աշխատի: Հիմա մենք որոշումը, փաստորեն, կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել»,- ասաց վարչապետը:
Վարչապետը հորդորեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը, ու այլեւս նոր նախաձեռնություն չբերել. «Արագ է պետք անել»:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Փաշինյանը հանդիպում է Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Սիս գյուղում է, որտեղ հանդիպում է Սիսի բնակիչների հետ։ Վարչապետը մասնակցելու է...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերևից հրամանը ստացել են չեզոքացնել, թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այսօր խուզարկություն են...
Բաքու մեկնած 3 լրագրողներից մեկը Արտյոմ Երկանյանն էր. ինչ են տեսել ու լսել լրագրողներն այնտեղ (տեսանյութ)
Նոյեմբերի 17-21-ը հայ լրագրողների խումբ էր այցելել Ադրբեջան: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայա...