ՀՐԱՏԱՊ. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը

Արդեն  45 օր է՝ Գառնիկ Խաչատրյանի ձայնը կտրվել է եւ չի վերականգնվում: Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում քթի միջնապատի վիրահատությունից հետո վնասվել են երիտասարդի ձայնալարերը: Պատմությունը սկսվել է այն օրվանից, երբ Գառնիկի մոտ մրսածության պատճառով նշագեղձերը բորբոքվել են եւ նա գնացել է ծանոթ բժշկի՝ կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Անահիտ Անտոնյանի մոտ: Սակայն, քանի որ պացիենտը նաեւ քթի միջնապատի թեքություն է ունեցել, որոշվել է նախ այդ հարցով զբաղվել: Հոկտեմբերի 9-ին կատարվել է երիտասարդի քթի միջնապատի վիրահատությունը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

 

Օր առաջին

«Նարկոզից արթնացա ու զգացի, որ չեմ կարողանում խոսել: Սկզբում ընդհանրապես բառեր չէի արտասանում, բայց հետո՝ օրերի ընթացքում, սկսեցի շշուկով խոսել: (Տեղի ունեցածը Գառնիկը պատմում էր դժվարությամբ, շշուկով, երբեմն հազալով, շունչը կտրվում էր-հեղ.): Բժշկուհիս նայեց, ասաց՝ ոչինչ, վիրահատությունից հետո լինում է, 2-3 օր հետո կանցնի, բայց չանցավ»,- պատմեց Գառնիկ Խաչատրյանը:

Երիտասարդը 3 օր անց կենտրոն է վերադարձել եւ ստացել նույն պատասխանը՝ մի երկու օրից կվերականգնվի: Օրեր անց հետազոտության ժամանակ Գառնիկի խոսքով՝ բժիշկներն իրար մեջ ինչ-որ բան են խոսել: «Ես բաժնի ղեկավարի մոտ ինչ-որ վախ զգացի, հասկացա, որ լուրջ բան է, բայց ինձ ոչինչ չասացին»,- նշեց երիտասարդը՝ պատմելով, որ դրանից հետո իրեն մի շարք դեղեր են նշանակել: 

 

Փոքր դժոխքը

Վիրահատությունից 10-ը օր անց հիվանդանոցում նշել են, որ հավանաբար պացիենտի մոտ ուռուցք կա եւ անհրաժեշտ է անցնել մի շարք հետազոտություններ: Գառնիկի խոսքով՝ փոքր դժոխք էր: 3-4 օր տեւած ստուգումների արդյունքում՝ հերքվել է այդ լուրը եւ նրան ուղարկել են բուժվելու այլ կենտրոնում՝ Երեւանի «Modern Implant Medicine»-ում, որը մասնագիտացված է նման հարցերով:

 

«Իզմիրլյան» ԲԿ-ի կողմից տրված էպիկրիզում նշված է, որ «հետվիրահատական շրջանում հիվանդը գանգատվում էր ձայնի բացակայությունից: Կատարվել է ֆիբրոլարինգոսկոպիա, հայտնաբերվել է ձախ ձայնալարի մասնակի պարեզ: Հիվանդը զննվել է նաեւ նյարդաբանի կողմից, նշանակվել է կոնսերվատիվ բուժում: Այն ստանալուց հետո նկատվել է զգալի դրական դինամիկա: Ֆիբրոլարինգոսկոպիկ՝ ձախ ձայնալարի շարժունակությունը վերականգնվել է: Հիվանդը խոսում է, ձայնն աննշան խռպոտ է»:

 

Այս տեղեկատվությունը, սակայն, Գառնիկի կարծիքով՝ անհեթեթություն է. նյարդաբանի մոտ չի զննվել, ձայնալարի շարժունակությունը չի վերականգնվել, իսկ ասել, թե ձայնն աննշան է խռպոտ, ծիծաղելի է:

Իրավիճակը, սակայն, չփոխվեց

 

Այժմ Գառնիկ Խաչատրյանն իր բուժումն է ստանում նշված երկրորդ կենտրոնում, սակայն նրա խոսքով՝ առաջընթաց չկա, ձայնը գրեթե չի ավելացել: Երիտասարդը այցելել է նաեւ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ մեկ այլ մասնագետից խորհուրդ հարցնելու: Կենտրոնից Ավետիք Մինասյանը, համեմատելով հետազոտությունները, նշել է, որ տարբերություն չի տեսնում եւ խորհուրդ տվել՝ բուժումը շարունակել արտերկրում: Պացիենտն էլ որոշել է՝ Գերմանիա կմեկնի: Երիտասարդը նաեւ իմացել է, որ այս խնդիրը լուծվում է առաջին 1-2 ամսվա ընթացքում, ուշացնելու դեպքում՝ հնարավոր է այլեւս չբուժվի:

 

«Կապն այս ընթացքում «Իզմիրլյան»-ի հետ կտրվել էր, ես իրենց չէի զանգում, իրենցից ոչ մեկը՝ ինձ, չէին հարցնում բուժվել եմ, թե ոչ»,- նշեց Գառնիկը՝ հավելելով, որ վերջերս գնացել է այդ կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ հանդիպման, խոսել փոխհատուցման տարբերակի մասին: Ի պատասխան, տնօրենը հայտնել է, որ կենտրոնը չի տեսնում փոխհատուցման ոչ մի տարբերակ՝ արտերկրում բուժում ստանալու համար: Իրեն վիրահատող բժշկուհին էլ հավելել է. «Անցյալ տարի, որ հայրիկիդ վիրահատել եմ, մի անգամ չտեսա, որ «Ֆեյսբուք»-ում գրես, շնորհակալություն Անտոնյանին, որ  այսպիսի վիրահատություն արեցին, իսկ հիմա ձայնդ վնասել ենք, ամբողջ օրը գրում ես՝ «Իզմիրլյան»-ում ձայնս վնասել են»,- իր եւ բժշկի խոսակցությունից պատմեց Գառնիկը:

 

Երիտասարդը դատարան կդիմի

«Ես երբեք ձայնի խնդիր չեմ ունեցել, գնացել եմ վիրահատության, արթնացել եմ նարկոզից ու չեմ խոսել»,- նշեց Գառնիկը՝ հավելելով, որ պատրաստվում է դատարան դիմել: Իհարկե այժմ կարեւորը բուժումն է: Ինչպես պատմեց, իրեն «Իզմիրլյան» կենտրոնը փոխհատուցում չի առաջարկել: Ավելին այդ ընթացքում կատարվել են հետազոտություններ, որոնց համար ինքն է վճարել: «Մոտ 200.000 դրամի դեղ եմ գնել, շաբաթական մոտ 20.000-ի գնում եմ»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ վիրահատությունը եւ այսօրվա բուժման ծախսերն ապահովագրական ընկերությունն է կատարել, իսկ դեղերն իր միջոցներով է գնել:

 

Ոչ թե բժշկի անփութության պատճառով է եղել, այլ ստատիստիկ բարդություն է. տնօրենի պարզաբանումը

 

«Դա որեւէ մեկի մեղք չէ, սխալը չէ, անգործության հետեւանքը չէ, ստատիստիկ բարդություն է»,- մեզ հետ զրույցում նշեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Նրա խոսքով՝ այս խնդիրը կարող է առաջանալ աշխարհի տարբեր կլինիկաներում՝ այստեղ, Լոնդոնում կամ Փարիզում: Տնօրենը նշեց, որ բարդությունն առաջացել է վիրահատության անզգայացման ժամանակ, սակայն նրա խոսքով՝ խնդիրն իրավիճակային է, նման բան կարող է պատահել, եւ հնարավոր է, որ պատճառը պացիենտի ձայնալարի կառուցվածքն է: Նրա պարզաբանմամբ՝ վերականգնվող բարդություն է եւ 3-6 ամսվա ընթացքում այս խնդիրը կլուծվի:

 

Չարչյանը, խոսելով Գառնիկի հետ հանդիպման մասին, նշեց, որ ըստ իրեն պարզապես ցանկանում է առիթից օգտվել: Նա այդ օրը «քյաշ» փող էր ուզում: «Դա դրամաշորթություն է, շանտաժով գումար վերցնել է»,-նշեց տնօրենը՝ հավելելով, որ դրամական փոխհատուցման դեպքում՝ պետք է լինի հանձնաժողովային փորձաքննություն: Հանձնաժողովը պետք է պարզի՝ արդյո՞ք այդ իրավիճակը ստեղծվել է բժշկի մեղքով, որովհետեւ հակառակ դեպքում՝ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելու: Խաչատրյանը մինչ վիրահատությունը զգուշացվել է բոլոր հնարավոր բարդությունների մասին, իսկ եթե հանկարծ պարզվի, որ սխալը բժշկինն է, ապա գործը պետք է ուղարկվի դատարան, եւ որոշվի փոխհատուցման չափը:

 

Չարչյանի պնդմամբ՝ այստեղ թե Գերմանիայում, բուժման նույն սկզբունքն է գործում: 90-95 տոկոս հավանականությամբ՝ ձայնը կվերականգնվի: Ճիշտ է 3-4 տոկոս հավանականություն կա, որը այն մնա խռպոտ, սակայն եթե խնդիրն այդ աստիճանի լինի, ապա արտերկրում էլ չեն կարողանա բուժել:

 

Տնօրենը հերքեց, թե հիվանդանոցը չի հետաքրքրվել Գառնիկի առողջությամբ: Վիրահատող բժշկուհին պարբերաբար զանգահարել է «Modern Implant Medicine»: Նաեւ անձամբ կապվել ապահովագրական ծառայության հետ, որպեսզի փոխհատուցեն Գառնիկի բուժման ծախսը: Մի քանի հետազոտության համար երիտասարդն է վճարել, սակայն տնօրենի պնդմամբ՝ դրանք ապահովագրական փաթեթի մեջ չեն մտել եւ մեծ գումար չեն կազմել: Չարչյանը պատմեց, որ հետաքրքրվել են, իմացել, որ տուժողի վիճակը, ճիշտ է, շատ դանդաղ, բայց վերականգնվում է:

 

Տնօրենը եւս մեկ անգամ նշեց՝ նման խնդիր կարող է բոլոր կլինիկաներում պատահել: Հստակ չէ, բայց մոտ 10.000-20.000-ից մեկի մոտ նման բան կարող է լինել: