Ներկայիս իշխանությունները ավելի, քան երբեւէ ունեն քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու. Համբարձումյան

Այսօր ԱԺ-ում քննարկվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովների անդամների ընտրության հարցը:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որպես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, առաջադրել է Նարեկ Համբարձումյանի թեկնածութոյւնը:

 

Նարեկ Համբարձումյանը ծնվել է 1984թ.-ին, 2013թ-ից աշխատել է որպես քննիչ, իսկ այժմ ՀՀ Քննչական կոմիտեի՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբերհանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ է:

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Նարեկ Համբարձումյանին հարցրեց, թե ինչ փոխկապակցվածություն կա նրա եւ ԲՀԿ-ի միջեւ եւ ինչու է ԲՀԿ-ն առաջադրել նրա թեկնածությունը: Համբարձումյանը պատասխանեց, որ որեւէ առնչություն չունի ԲՀԿ-ի հետ, իսկ թե ինչու է առաջադրվել հենց իր թեկնածությունը, կարող է միայն ենթադրել: Համբարձումյանի կարծիքով՝ խմբակցությունը հաշվի է առել նրա անձը, կրթությունը, անցած ուղին, որպես պետական պաշտոնատար անձ՝ հասարակության մեջ ունեցած կերպարը:

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը, հաշվի առնելով, որ Նարեկ Համբարձումյանը 2013-ից ի վեր աշխատում է որպես քննիչ, հարց հնչեցրեց, թե արդյոք եղել են դեպքեր, երբ նա քննել է քաղաքական նկատառումներով կամ ակցիայի մասնակցած անձանց գործեր: Ի պատասխան, Համբարձումյանը պատասխանեց, որ իր գործունեությունը եղել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարը եւ անձամբ չի քննել նմանատիպ գործեր:

 

Եզրափակիչ հարցին ի պատասխան, Համբարձումյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջնահերթը քաղաքական կամքն է, քանի որ ինչքան էլ ունենանք իդեալական օրենքներ, իդեալական մոտեցումներ, եթե չլինի քաղաքական կամք, ապա պետությունը չի կարող ամբողջ ուժով պայքարել կոռուպցիայի դեմ: Նրա կարծիքով նաեւ Հայաստանի ներկայիս իշխանությունները, ավելի քան երբեւէ ունեն այդ քաղաքական կամքը՝ կոռուպցիայի դեմ պայքարելու:

 

Քաղաքականություն

Պատահարներ