Պարգևավճարներ ստացել են մարզպետարանի շուրջ 100 աշխատակիցներ. Կոտայքի մարզպետ

Աշխատավարձերի թեմայի շուրջ վարչապետը բավականին ընդգրկուն ելույթ ունեցավ, որին հաջորդեց վարչապետի խոսնակի պարզաբանումը, որտեղ կար անդրադարձ նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերի բարձրացման մասով, լրագրողների հետ զրույցում նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

 

«Այդ մասով որևէ ավելացնելու բան չունեմ: Քանի որ դա գաղտնի փաստաթղթով է շրջանառվել, որևէ գաղտնի փաստաթուղթ ես ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանելու», - ասել է նա:

 

Պաշտոնյան միաժամանակ հիշեցրեց, որ իրենք հայտարարագրում են իրենց եկամուտներն, ինչը բաց ներկայացված է համացանցում:

Լրագրողի դիտարկմանը, թե պետական ապարատի աշխատակիցներից դժգոհություն կա, որ պարգևավճար ստանում են միայն յուրայինները, Ռոմանոս Պետրոսյանն ասել է.

«Իմ մասով դա 100 տոկոսով հերքում եմ: Պարգևավճարներ ստացել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները, իսկ այս պահին մենք շուրջ 100 աշխատակից ունենք։ Նախորդ տարվա տարեմուտին մարզային ենթակայության հաստատությունների գրեթե 90 տոկոս աշխատակիցներ պարգևատրվել են, այդ թվում՝ մարզպետարանի ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցներ, բուժհաստատություններ և այլն։

Միայն այն հաստատությունները և բուժհաստատությունների մի փոքր հատված չի ստացել պարգևավճար, որտեղ ֆինանսական բացեր ենք ունեցել և վնասով է տարին փակվել։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ խոսքը 3200 մարդու մասին է, որոնք ստացել են պարգևավճարներ», - ընդգծել է Ռոմանոս Պետրոսյանն՝ ավելացնելով, որ դա նաև սոցիալական վիճակը մեղմելուն ուղղված քաղաքականություն է:  

 

Հարցին՝ աշխատավարձի բարձրացմամբ իր աշխատանքի արդյունավետությունը բարձրացե՞լ է, մարզպետը պատասխանել է. 

 

«Այս պահին Կոտայքի մարզում կառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 10 մանկապարտեզ: Երեք խոշոր համայնքներում զրոյից է կառուցվում մանկապարտեզ: Մարզում արդեն կառուցման փուլ է մտել երկու նոր մոդուլային դպրոցի շենք, ինչպես նաև սեյսմիկ ռիսկի նվազեցման շրջանակներում Աբովյանում և Հրազդանում երկու խոշոր դպրոց պետք է ամբողջությամբ քանդվի և նորը կառուցվի:

Բացի այդ, շուրջ 6 մշակույթի տներ սուբվենցիոն ծրագրերով կառուցվում են: Միայն Եղվարդում ավելի քան 25 հազար քմ տարածք ֆրեզապատվել և բարեկարգվել է բակային հատվածներից: Չարենցավանում բակային հատվածների 80-90 տոկոսն ասֆալտապատվում է»:

 

Հարցին, թե իրեն հիմա գոհացնո՞ւմ է իր աշխատավարձը, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է.

 

«Անկեղծ ասեմ, մարզպետի կարգավիճակն ինձ համար աշխատանք չէ: Սա պետական ծառայություն է: Ես իմ աշխատանքը համարում եմ պարտք մեր պետականության և պետության հանդեպ: Իմ աշխատանքի արդյունավետությունը ես չեմ չափում աշխատավարձով»:

 

Քաղաքականություն

Պատահարներ