Փայտահատներն ու ձկնորսները պետք է ընդունեն, որ Հայաստանը պետություն է. փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե կան մարդիկ, ովքեր իջևանյան դեպքերից հետո ուրախությունից ձեռքերն են շփում, ուրեմն նրանք հայրենիքի դավաճաններ են: Փայտահատներին և ձկնորսներին (չեմ ասում գողերին, քանի որ իրենք չեն գողանում, ամեն ինչ արել են բոլորի աչքի առջև ու գոնե օրինականի ձևական կողմը պահել են) դժվար է կտրել եկամտի աղբյուրից, որը ոչ թե մեկ տարվա պատմություն ունի, այլ տասնամյակների: Սակայն, թե՛ փայտահատները, թե՛ ձկնորսրները պետք է ընդունեն, որ Հայաստանը պետություն է, իսկ իրենք այդ պետության քաղաքացիները: Քաղաքացիներ, ովքեր ունեն պարտավորություններ... Ասել եմ ու կասեմ, Խորհրդային Միությունը շատ վատ բան է սովորեցրել մեզ՝ գողություն, գողանալ, բայց նաև աշխատավարձ ստանալ, տուն ստանալ... Եթե մենք այսօր բողոքում ենք , որ պետությունը փորձում է պահպանել այն քիչը, մի քիչը, որը գոնե պահպանվել է, ապա իսկապես մենք խնդիր ունենք քաղաքացի-քոչվոր տերմինի հետ: Որպես կանոն քոչվորներն են իրենց ետևից ամեն ինչ ավերում, ամեն ինչ փչացնում, քանի որ, դժվար թե իրենք այդտեղ էլ վերադառնան...
Լավ, բա ինչ անի փայտահատն ու ձկնորսը... Փայտահատը կարող է հող վարձակալել պետությունից, ծառ տնկի մի երեք-չորս տարի հետո այդ ծառերը որպես շինանյութ շատ ավելի թանկ վաճառի ու առանց որևէ գլխացավանքի...
Ձկնորսն ինչ անի... Գեղարքունիքն ունի բոլոր հիանալի պայմանները, որպեսզի մարդիկ զբաղվեն ձուկ արտադրելով, իրենց արտադրանքն էլ թող վաճառեն... Մի խոսքով, երեխաներին խաղի մեջ բերել պետք չէ, սոցիալական խնդիրը խաղի մեջ բերել պետք չէ, երբ խոսք է գնում Հայրենի բնության պահպանման մասին: Իսկ եթե տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում, ազդեցության ոլորտների սահմանների վերաբաշխում, այ դա արդեն բոլորովին այլ ժանրից է, բայց ես քիչ հավանական եմ համարում այդ ժանրը»: