Վրաստանում տուժածներից մի քանիսը վաղն առավոտյան կտեղափոխվեն Հայաստան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ խոսեցի իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ, ով հիմա գտնվում է Թբիլիսում մեր տուժած քաղաքացիների կողքին, և որոշեցինք նրանցից 3-ին վաղը առավոտյան տեղափոխել Հայաստան։ Մյուս 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Վերջիններիցս մեկի տեղափոխման հարցը կորոշենք վաղը առավոտյան. չի բացառվում սանավիացիայի օգտագործման տարբերակը։ Մեր դիվանագետները, ԱՆ և ԱԻՆ մասնագետները ամեն ինչ անում են տուժածների կյանքը փրկելու և Հայաստան տեղափոխելու համար»։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Գորիի մոտակայքում տեղի ունեցած պատահարից տուժած՝ Թբիլիսիում բուժում ստացող մեր հայրենակիցներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։
Փոխնախարարի խոսքով՝ Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է արհեստական շնչառության սարքին միացված:
Մյուս 2-ը բուժում են ստանում Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայում։ Մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության: Նրանցից մեկին, ում առողջական վիճակը թույլատրում է տեղաշարժ, առավոտյան կտեղափոխեն Հայաստան։
Պատահարից տուժած Գորիի հիվանդանոցում բուժում ստացող մյուս 2 մեր համաքաղաքացիներին այցելել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Նա տեղեկացրել է, որ տեղի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են տեղաշարժման ենթակա։ Նրանք ևս կտեղափոխվեն
Հայաստան։