Վալերիյ Օսիպյանը՝ «Մասիվցի Անդիկ»-ի սպանության մասին

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումների արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսեց գեներալի կոչում ստանալու, պատասխանատվության մեծացման մասին: 

 

Հարցին՝ շատ հեշտ չտրվե՞ց այդ կոչումն իրեն, քանի որ մեկ տարվա ընթացքում ստացվեց, մինչդեռ ուրիշները տարիների ընթացքում են արժանանում նման կոչման, Օսիպյանն ասաց. «Ես մոտ 10 տարի գնդապետ եմ, գնահատականը… Եթե Դուք այդպես եք գտնում, իմ կատարած աշխատանքների գնահատականը ես չտամ, հասարակությունը և իմ գործընկերներն ավելի լավ կտան գնահատականը»:

 

 

Անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանությանը, ոստիկանապետը նշեց, որ այդ գործի հետ կապված իրականացվում են բոլոր օպերատիվ համալիր միջոցառումները՝ համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ:

 

«Ավելին չեմ կարող ասել՝ ելնելով գործի շահերից: Ես այս պահին ոչինչ չեմ ասի, քանի որ կխանգարեմ գործի քննությանը»,-ասաց Վալերի Օսիպյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ այդ սպանությունից հետո քրեական աշխարհում իրարանցում է, ոստիկանապետն ասաց. «Վստահեցնում եմ, որ քրեական աշխարհը, հանցավոր աշխարհը, վերահսկելի է ոստիկանության կողմից: Որևէ խնդիր չեմ տեսնում»։

Քաղաքականություն