ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանն ու Լուկաշենկոն հանդիպել են

Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Բելառուս և նշել, որ դեռևս նախկինում էին պայմանավորվել, որ նախագահ Սարգսյանը կայցելի Բելառուս և մոտիկից կծանոթնա երկրի հնարավորություններին։ «Ես հեռուստատեսությամբ հետևում էի Ձեր այցին, և նկատեցի, որ չեք մոռացել այն ամենը, ինչի մասին խոսել էինք, և ուզում եք լինել Բելառուսի տնտեսության զարգացման տեսանկյունից ավելի նշանակալի վայրերում։ Հետևում էի Ձեր հանդիպումներին մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ և հասկացա, որ Դուք ուշադրության կենտրոնում եք պահում այն հարցերը, որոնք կարևոր են Հայաստանի զարգացման համար։

Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, ինչպես և նախորդ անգամ, որ Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան։ Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները։ Կարծում եմ, Դուք դրանում համոզվեցիք այցի ընթացքում»։

Նա տեղեկացրել է, որ մինչ հանդիպումը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նա զանգահարել էր ինձ՝ Սինգապուր այցից առաջ և խնդրեց առաջին հերթին ողջույնները փոխանցել նախագահին, ինչին ի պատասխան ես ասացի, որ մենք մտադիր չենք նրան շտապեցնել վերադառնալ Հայաստան, հատկապես որ նա զբաղված է Հայաստանի համար կարևոր գործով։ Պատմեցի Ձեր այցի մասին։ Նա ասաց, որ, իհարկե, դա լավ է։ Պետք է իսկապես ասեմ, որ մի շտապեք վերադառնալ, նայեք այն ամենը, ինչ Ձեզ հետաքրքրում է տնտեսության՝ գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման տեսանկյունից։ Դուք բանիմաց, խելացի ու գործնական մարդ եք, գիտեք ինչ տեսնել և ինչն է կարևոր ու օգտակար Հայաստանի համար»,-ասել է Բելառուսի նախագահը։

Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ նախագահ Լուկաշենկոն ասել է.«Այսօր մենք թեպետ մեծ ապրանքաշրջանառություն չունենք, սակայն տարեկան 50 մլն ԱՄՆ դոլարը վատ դինամիկա չէ, եթե այն համեմատենք նախկին ցուցանիշների հետ: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ ներկայացուցիչների հետ: Դուք գիտեք Հայաստանում իմ ընկերներին, ովքեր ներդրումներ են իրականացնում Բելառուսում, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Ես ունեմ մի կանոն՝ ընկերությունն ընկերություն, սակայն պետությունն առանձին է: Եվ երբ ինձ դիմեցին ինչ-ինչ ապրանքների մատակարարման հարցով, ես ասացի, որ սկզբունքը հետևյալն է՝ գալիս եք Բելառուս, սկսում եք արտադրություն, ստեղծում եք աշխատատեղեր, ներդրումներ եք անում, խնդրեմ․․․ Գագիկ Ծառուկյանի ընկերությունը հաջողակ ձեռնարկություն է: Մենք կազմակերպել ենք հայ-բելառուսական առևտրի տան աշխատանքը, և ինչպես ինձ զեկուցել են, Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության 30-40 տոկոսն իրականացվում է դրա միջոցով: Այսինքն, մենք արդեն ստեղծել ենք համատեղ ձեռնարկություններ ու պատրաստ ենք շարունակել ընթանալ այս ճանապարհով»։

Նշելով, որ հայերի նկատմամբ Բելառուսում շատ ջերմ վերաբերմունք կա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Հայերի հետ մենք մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել և ունենք այսօր: Ուստի Դուք կարող եք հանգիստ լինել՝ չնայած հնչում են տարատեսակ կարծիքներ թե՛ Հայաստանում, թե՛ Բելառուսում, մեզ ինչ-ինչ բաների համար քննադատում են: Ես դա բնական եմ համարում, սակայն կարևորն այն է, որ մենք դաշնակիցներ ենք, գործում ենք նույն դիրքերից: Մենք, ըստ էության, անգամ միջազգային օրակարգում տարբերվող տեսակետներ չունենք»։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նշանակալի իրադարձությանը՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը մասնակցելու հրավերի համար և նշել. 

«Մեծապես տպավորված եմ թե՛ միջոցառման մասշտաբներով, թե՛ կազմակերպվածությամբ ու կարգապահությամբ:

Նախկին խորհրդային տարածքում Բելառուսը շարունակում է հստակ ուղղություններով համարվել չեմպիոն: Այն, ինչ տեսա՝ կազմակերպվածությունը, կարգապահությունը, տպավորիչ է: Ինձ շատ դուր եկավ այն, որ Բելառուսը շատ երկրներից առաջ է նրանով, որ այստեղ հասկացել են, որ ապագայում՝ 21-րդ դարում իրականությունն ու վիրտուալ իրականությունն իրար փոխլրացնելու են:

Ուրախ էի նաև այն փաստի առնչությամբ, որ հայ մարզիկները պատվով ելույթ ունեցան: Ուզում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին, Բելառուսի թիմին, որը հիասքանչ ելույթ ունեցավ, մեր մարզիկներին, ովքեր լավ ելույթներ ունեցան: Կարծում եմ՝ Բելառուսը պատրաստ է ավելի մասշտաբային միջոցառումներ կազմակերպել:

Դուք ունեք տեսլական ու իմաստնություն՝ նայելու դեպի ապագան: Առանց ապագայի տեսլականի դժվար է ներկան կառուցել»։

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին և Բելառուսի ողջ ժողովրդին հուլիսի 3-ին նշվող Ազգային տոնի՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ և ֆաշիզմից ազատագրման 75-ամյակի առթիվ։

Քաղաքականություն