ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում ցուցարարները գրոհում են Խորհրդարանի շենքը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է հազարավոր ցուցարարների բողոքի ակցիան: РИА Новости-ն հայտնում է, որ ոստիկանական ուժերը փորձում են դուրս բերել մոտ 100 ցուցարարների, ովքեր ներխուժել են Խորհրդարանի շենք: «Грузия Online»-ի փոխանցմամբ՝ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ չեն կիրառում:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հազարավոր ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ՆԳ նախարար Գ. Գախարիայի և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուի հրաժարականը: Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը խորհրդարանում ելույթ է ունեցել վրացական խորհրդարանի ղեկավարի աթոռին նստած: Դա առաջացրել է դահլիճում ներկա ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը:
Ռուսական պատվիրակությանը դուրս են բերել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ և ուղեկցել են միկրոավտոբուսի մոտ, իսկ ցուցարարները նրանց ուղղությամբ շշեր են նետել և փորձել են ջուր լցնել նրանց վրա:
Դրանից հետո բողոքի ակցիան սկսվել է հյուրանոցի մոտ, որտեղ տեղավորվել է ռուսական պատվիրակությունը: Հավաքվածները Գավրիլովից պահանջել են ներողություն խնդրել: