Խաբուսիկ խմբերն արշավ են իրականացնում Հայաստանի դեմ․ Atlantic Council
Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան․ այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնը՝ Atlantic Council-ը՝ այսօր հրապարակած հետաքննության մեջ: Կազմակերպության Digital Forensic Research Lab-ի փորձագետները փաստում են՝ անցած մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մի կողմից վերականգնել է հասարակության հավատը կառավարության հանդեպ՝ ճանապարհ հարթելով ժողովրդավարական փոփոխությունների համար, մյուս կողմից՝ համախմբել նրանց, որ դեմ էին քաղաքական փոփոխություններին: Անցած ամիսներին, փաստում է հետաքննությունը, ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել են #SutNikol հեշթեգի տակ ու խճճված օնլայն արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով: Ըստ փորձագետների, այս խմբերը հասարակությանը մոլորեցնելու հատուկ մեթոդ են կիրառում. ներկայանում են իբրև փաստերը ստուգող կազմակերպություն՝ հետևորդներ հավաքելու համար, հետո միակողմանի եւ պառակտող հայտարարություններ տարածում քաղաքական զարգացումների մասին: «Այս գործողություններն անկեղծ չեն, և գնալով ավելի են ակտիվանում», - փաստում է փորձագիտական զեկույցը, մանրամասնելով՝ ապրիլի 15-ին հայկական օնլայն մեդիա տարածքում սկսեց շրջանառվել #SutNikol հեշթեգը: Ուսումնասիրելով սկզբնաղբյուրը՝ Atlantic Council-ի մասնագետները առանձնացրել են դրա հետ փոխկապակցված 4 անձանց, որոնք էլ հիմնականում պատասխանատու են բովանդակության և այն տարածելու համար՝ AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյան, «Ադեկվադի» հիմնադիրներ՝ Արթուր Դանիելյան, Նարեկ Մալյան և Blognews-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյան: «Ադեկվադը» ներկայանում է որպես մշակութային կենտրոն, որն իբրև թե «ներկայացնում է այն, ինչի մասին լռում է Ազատությունը»: Էջը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ անցած տարվա հունիսին, և տարածում է պատկառելի թվով տեսանյութեր՝ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս իբրև թե ներկայացնում է Փաշինյանի կառավարության անօրինական քայլերը կամ կեղծ հայտարարությունները՝ դրանք համեմելով հակաամերիկյան հռետորաբանությամբ: - «Տեսանյութերից մեկում, օրինակ, Դանիելյանը մեղադրում է Փաշինյանին «ֆեյքերի բանակ» ունենալու մեջ, մյուսում՝ կասկածի տակ դնում բյուջեի վերաբերյալ վարչապետի ներկայացրած վիճակագրությունը, կամ, ասենք, վերջինիս քաղաքականությունը էներգետիկայի ոլորտում», - փաստում են փորձագետներն, ընդգծելով, որ պնդումները հիմնված են ոչ թե հիմնավոր փաստերի, այլ՝ համակիր լրատվամիջոցների հաղորդումների վրա: Մյուս էջը՝ AntiFake. am-ը, պնդում է, թե «վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առանցքը կազմում են կեղծ լրատվությունը, քարոզչությունը և մանիպուլյացիան։ Ըստ այդմ, կայքը հայտարարում է, թե իր նպատակն է բացահայտել չկատարված խոստումները, կեղծ լուրերը, մանիպուլյացիաները, պրոպագանդան, հրապարակել օդում կախված լուրերը և ստուգել դրանց հավաստիությունը»։ «Հակառակ անկախ ու չեզոք լինելու մասին պնդումներին՝ AntiFake .am-ի բովանդակությունը մեծապես կենտրոնացած է Փաշինյանին վարկաբեկելու վրա, փաստում են Atlantic Council-ի փորձագետները, մանրամասնելով. - «Էջի ամենաշատ քննարկված հոդվածներում հասարակությանը պառակտող քաղաքական մեկնաբանություններ են, չհիմնավորված հաղորդումներ, որոնք պնդում են, թե Փաշինյանն այցելել է գործարան, որը գոյություն չունի, կամ թե Փաշինյանն իրեն է վերագրում նախորդ կառավարության հաջողությունները»: Ընդ որում, փորձագետները նկատել են մեկ այլ միտում՝ երկու էջերն էլ քաղաքական արշավից բացի կենտրոնանում են նաև պատվաստանյութերի դեմ պայքարի, մասնավորապես՝ «Գարդասիլի» վրա, ներկայացնելով ակնհայտ կեղծ լրատվություն դրա վերաբերյալ: Արևմտյան մամուլում կարծիքներ են հնչում, որ պատվաստումների դեմ արշավը սկիզբ է առել և հովանավորվում է Ռուսաստանից: Սա, սակայն, դրսից միջամտության մասին վկայող միակ փաստը չէ: Atlantic Council-ի պնդմամբ, հստակ ապացույցներ կան, որոնք վկայում են՝ առնվազն AntiFake. am-ը ամբողջությամբ Հայաստանից չի կառավարվում, դոմեյնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջի ինտերնետային հասցեն գրանցված է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում: Ավելին, whois.net֊ում այդ դոմեյնի գրանցման և դրա պատասխանատու անձի մասին տվյալները փակ են՝ «անձնական տվյալների գաղտնիության նկատառումներով»: Փորձագետները նշում են, որ գտել են ապացույցներ, որոնք վկայում են, որ AntiFake. am-ը կարող է կապված լինել Ռուսաստանում գրանցված անձանց կամ կազմակերպությունների հետ:

Քաղաքականություն