ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան
ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է։ Այս մասին այսօր ընթացող ԵԱՏՄ միջկառավարական հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ձգտում ենք ԵԱՏՄ–ում արդյունավետ մասնակցություն ունենալ` միջոցներ ձեռնարկելով ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության համար։ Հայաստանը ջանքեր կգործադրի ինտեգրման դրական դինամիկայի ամրապնդման համար», – ասաց Փաշինյանը այսօր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով` ԵԱՏՄ շրջանակում առանցքային ուղղություններից մեկը գազի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումն է, ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումը, ոչ խտրական հիմքով էներգակիրների գնագոյացման խնդրի լուծումը։
«Հատուկ կարևորություն են ներկայացնում արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման հարցերը։ Հայաստանը ջանքեր կգործադրի ազատ առևտրի մասին պայմանագրերի աշխարհագրությունն ընդլայնելու և նոր գործընկերներ գտնելու հարցում։ Անհրաժեշտ է նաև դիվերսիֆիկացնել տրանսպորտային ենթակառուցվածքները։ Շուտով կսկսվի Եվրասիական ցանցի նախագծի քննարկումը, ինչը կնպաստի մեր երկրների արդյունաբերության աճի տեմպերին», – նշեց Փաշինյանը։
Նա նաև հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում, որոնց վերջնական նպատակը մրցունակ տնտեսություն, օրենքի գերակայության վրա հիմնված ժամանակակից հասարակություն ստեղծելն է։
«Մեզ հաջողվեց արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, ապահովել դատական իշխանության անկախությունը, նվազագույնի հասցնել արհեստածին մենաշնորհների գործունեությունը, գործնական միջոցներ ձեռնարկել ստվերային տնտեսության դեմ պայքարի հարցում։ Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ են կանխատեսելիությունն ու կայունությունը։ Այդ ամենը տեղի է ունենում երկրում քաղաքացիական հասարակության և հիմնական ազատությունների ձևավորման ֆոնին», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը լեգիտիմության բարձր մակարդակ ունի, «ինչը ոգեշնչում է համարձակ քայլեր անելու համար»։