Հեշտությամբ կարող եմ հերքել, բայց չեմ հերքի. Արգիշտի Քյարամյանը՝ Կոտայքի թեմի առաջնորդի որդին լինելու լուրերի մասին
Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Tert. am-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է Կոտայքի թեմի առաջնորդի որդին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկը լինելու վերաբերյալ տեղեկությունները:
Լրատամիջոցի հարցին նա մասնավորապես ասել է. "Կարծում եմ՝ սա պետք է դիտարկել անձնական կյանքի գաղտնիության տեսանկյունից: Յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ պաշտոնատար անձ ունի բնական իրավունքներ, բնական իրավունքները մարդուն տրվում են հենց ծննդյան պահից ի վեր: Շատ եմ ուզում, որ հասարակությունն ընկալի բնական իրավունքների առկայությունը, բացարձակ տեղին չեմ համարում մարդու անձնական, ընտանեկան կյանքի մեջ մտնելը և այդ համատեքստում ինչ-որ հարցեր տալը: Բնականաբար, հեշտությամբ կարող եմ հերքել այդ լուրերը, բայց չեմ հերքի:
Ես անձնական կյանքիս վերաբերող որևէ հարցի սկզբունքայնորեն չեմ պատասխանում: Շնորհակալություն":
-Ստացվում է, որ ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եք, որ Ձեր հայրն է:
-Ես պարզ ասացի՝ որևէ հարցի սկզբունքայնորեն չեմ պատասխանում:
- Կներեք, չնայած նշում եք՝ անձնական տիրույթ է, բայց Դուք պաշտոնյա եք, մամուլում խոսվեց նաև, որ Վլադիմիր Գասպարյանը Ձեր քավորն է:
-Ձեզ հետ ավելի քան մի քանի րոպե խոսում եմ, կներեք, գործեր ունեմ: Պարզ ասացի, ասածս վերաբերում է նաև Վլադիմիր Գասպարյանի հետ կապված հարցին:
Ես չեմ կարծում, որ սա այն թեման է, որը կարելի է այդքան երկարացնել: Ես ողջ կյանքս աշխատել եմ ի նպաստ պետության, և եթե իրականում լրագրողները ցանկանում են իմ աշխատանքի արդյունքները հստակեցնել, դա շատ հեշտ է անել, հայտնի է՝ որ մարմիններում եմ աշխատել, կարող եք զանգել, հետաքրքրվել, թե ինչպես եմ աշխատել, դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ երկրորդական բաները:
Հիշեցնենք, որ վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ Արգիշտի Քյարամյանը, որը ժամանակավորապես իրականացնելու է ՊՎԾ պետի լիազորությունները, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկն է, ինչպես նաև Կոտայքի թեմի առաջնորդ, Առաքել եպիսկոպոսի որդին: Երկու տեղեկություններն էլ Քյարամյանը նախօրեին հերքել էր, սակայն, հայտնի դարձավ, որ բարձրաստիճան հոգևորականի անձնագրային անուն-ազգանունը` Էլբեկ Քյարամյան է: Արգիշտիի հայրական անունը նույնպես Էլբեկ է:
Խնդիրն այն է, որ նման անուն-ազգանուններով Հանրապետությունում գրանցված են միայն Կոտայքի թեմի առաջնորդը և ՊՎԾ պետի ժամանավոր պաշտոնակատարը: Նշենք, որ համաձայն եկեղեցական կանոնադրության` եպիսկոպոսները, կաթողիկոսները, վանական սարկավագները, վարդապետները կուսակրոն են լինում, այսինքն չեն ամուսնանում: