Ամուսինս մի փեշ փող ա ծախսել. ինքնասպան եղած զինվորի մայրը նոր մանրամսներ է ներկայացրել
Վերաքննիչ քրեական դատարանը Տ. Սահակյան, Ս. Համբարձումյան, Ս. Մարաբյան կազմով շարունակեց Նարեկ Չ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Նարեկ Չ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հրթիռային հաշվարկի հրամանատար, կոչումով՝ շարքային, զորամասում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պարբերաբար վիրավորանք է հասցրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, իր ղեկավարած հաշվարկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հ.-ին: Այս մասին հայտնում է 1in. am -ը։
Լրատվականի հրապարակման մեջ ասվում է.
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի սկզբից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Նարեկ Չ.-ն պարբերաբար, տարբեր առիթներով անհարկի կշտամբել ու դիտողություններ է արել շարքային Սևակ Հ.-ին, հանձնարարել է կատարել զինվորական ծառայության պարտականություններից չբխող, զինվորի համար տհաճ աշխատանքներ՝ հանձնարարել է իր փոխարեն ստանալ ու տեղափոխել իր զինվորական հանդերձանքի պարագաները, հարդարել իր անկողինը, իր փոխարեն և ընդհանրապես՝ սահմանվածից դուրս կատարել մաքրության աշխատանքներ, Սևակ Հ.-ի կամքին հակառակ նրա ձեռքից վերցրել և օգտագործել է նրա բջջային հեռախոսը՝ այդ բոլոր գործողություններով, անընդհատ հնչեցվող հայհոյական արտահայտություններով, ըստ մեղադրանքի, Նարեկ Չ.-ն անպարկեշտ կերպով ստորացրել է զինվորի պատիվն ու արժանապատվությունը:
Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 21-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում երեկոյան անվանականչին լինելով վաշտի հերթապահ, Նարեկ Չ.-ն, մոռանալով շարահրապարակ տանել երեկոյան անվանականչի մատյանը, շարքային Սևակ Հ.-ին հանձնարարել է գնալ ու զորանոցից բերել այն, իսկ երբ վերջինս ուշացել է, շարքում մյուս զինծառայողների ներկայությամբ ասել է. «Էդ գ…-ն ի՞նչ էղավ»: Սևակի վերադառնալուց հետո նորից նրան սեռական բնույթի հայհոյանք է տվել ու ավելացրել է. «Հո դեմ չեղա՞ր պալկային»:
Բացի այդ, 2016 թվականի մարտի 16-ին, «Քուն» հրամանից հետո զորամասի ննջարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Նարեկ Չ.-ն բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Սևակ Հ.-ի նկատմամբ՝ ապտակներ է հասցրել մահճակալին պառկած զինվորին, կսմթել ու երկու կտտոց է հասցրել ու պահանջել. «Ա՛յ, գ…, հլը տուր հեռախոսդ»…
Պարբերաբար նման վերաբերմունքի արժանանալով և գտնվելով հոգեկան լարված, տառապագին ու ընկճված վիճակում, 2016 թվականի մարտի 24-ին, ժամը 9-ն անց 10 րոպեի սահմաններում շարքային Սևակ Հ.-ն զորամասի հրաձգարանում ինքն իր վրա կրակոց արձակելով՝ կատարել է ինքնասպանություն:
Նարեկ Չ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել զինվորին ինքնասպանության հասցնելու և մյուս մեղադրանքներում:
Ըստ ամբաստանյալի՝ ինքը եղել է Սևակի միակ ընկերը: Որպես ընկերներ՝ իրար հետ կատակներ են արել, բայց ինքը Սևակին չի նվաստացրել, չի հայհոյել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել:
Նարեկ Չ.-ն ենթադրություն է հայտնել, թե շարքային Սևակ Հ.-ն ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ զենքի հետ առաջացած խնդիրների պատճառով է մահացել, Սևակն ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել: Նա իր նոթատետրում գրառումներ է կատարել ծառայությունից հետո ունեցած բազմաթիվ ծրագրերի մասին…
Դատարանը եզրակացրել է, որ Նարեկ Չ.-ի դատաքննական ցուցմունքն արժանահավատ չէ:
Զինվորի նկատմամբ կիրառված բռնության որոշ դրվագներով Նարեկ Չ.-ի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Նարեկ Չ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով, 358.1 հոդվածի 1-ին մասով, 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 3 ամիս 5 օր ազատազրկման:
Պատժի սկիզբը կհաշվվի Նարեկ Չ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պահանջելով խստացնել պատիժը՝ Նարեկ Չ.-ին դատապարտել վերջին հաշվով 6 տարի 3 ամիս 5 օր ազատազրկման:
Դատավճիռը բողոքարկել են նաև Նարեկ Չ.-ի շահերի պաշտպանները՝ պահանջելով արդարացնել նրան:
Ըստ պաշտպանական կողմի՝ նախաքննական մարմինը այս գործով կենտրոնացել է մեկ՝ ինքնասպանության վարկածի վրա: Մինչդեռ եթե երիտասարդը 2016 թվականի սկզբին հեռահար ծրագրեր է կազմել 2017-2018 թվականների համար, եթե զինվորը դեպքին նախորդած գիշերը հոր հետ հեռախոսազրույցում սննդամթերք ու հիգիենայի պարագաներ է ուզել, արդյո՞ք նա ցանկություն կունենար ինքնասպան լինելու: Հոր հետ գիշերային հեռախոսազրույցից, առավոտյան վաղ սափրվելուց, իր հիգիենայով զբաղվելուց հետո՝ մի քանի ժամվա ընթացքում ի՞նչ պիտի տեղի ունենար, որ երիտասարդը չկարողանար հաղթահարել ու վերջ տար կյանքին:
Նոթատետրում կատարած գրառումներում Սևակն ինքն իրենից պահանջել է. «Դառնալ ավելի աշխատասեր… Թքել հոգնած լինելու վրա… Դառնալ ավելի պատասխանատու… Չուշանալ… »: Գրառումներում Սևակը «խոսել» է իր հետ, ինքն իրեն առաջադրանքներ է տվել. «Ինչքան կարող ես՝ աշխատիր քո վրա… քո մարմնի վրա… Շատ վատ բնավորություն ունես… Քեզ փոխի, որ իսկական տղամարդ դառնաս… Շուտ զարթնիր… Գործերդ շուտ ավարտիր… Ամեն օր մաքրիր կոշիկներդ, ֆիզիկապես ու մտավոր զարգացիր… Կամքիդ ուժն արթնացրու… Լվա մայկեդ ու տրուսիկդ… Երկու ամսում շարայինդ դզի, բանակը քեզ կտա կամք…»:
Պաշտպանական կողմը ոչ արհեստավարժ ու անհամոզիչ է համարում հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, թերի է համարում տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ նշելով, թե վերջինի մեջ չի պատասխանվել երկու կարևոր հարցերի՝ կրակոցն ընդհո՞ւպ է եղել, զենքի փողը հպվա՞ծ է եղել տուժողի ճակատին, և՝ կրակոցի պահին ի՞նչ դիրքում է եղել տուժողը:
Պաշտպանական կողմի կարծիքով՝ նման պայմաններում պետք է նշանակվեր դիակի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն՝ բոլոր կարևոր հարցերի պատասխանները ստանալու համար, սակայն առաջին ատյանի դատարանը այդ միջնորդությունը մերժել է:
Դատական այս նիստին ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վ. Հովհաննիսյանը հանդես եկավ միջնորդություններով:
Նախ պաշտպանը ներկայացրեց, որ գործով վերաքննիչ բողոք բերելուց հետո ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ գործի ելքի վրա:
Այս գործի քննության սկզբից տուժողի իրավահաջորդ է ճանաչված եղել տուժող Սևակ Հ.-ի հայրը: Բայց վերաքննիչ քրեական դատարանում տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Սևակի մայրը, ով վերաքննիչ դատարանի նիստերին չի ներկայանում, մասնավորապես՝ այս դատական նիստի սկզբում նախագահողը հրապարակեց տուժողի իրավահաջորդի դիմումը՝ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու խնդրանքով:
Դատական նիստերին չմասնակցող իրավահաջորդը դիմել է ամբաստանյալի շահերի պաշտպաններին, ապա առանձնազրույց է ունեցել նրանց հետ՝ հայտնելով տեղեկություններ, որոնք պաշտպաններն անվանում են «նոր ի հայտ եկած հանգամանքներ»:
Պաշտպանները տուժողի իրավահաջորդի հետ իրենց զրույցի նյութին պաշտոնական «տեսք» տալու համար փաստաբանական գրավոր հարցում են կատարել տուժողի իրավահաջորդին ու նրանից ստացել են գրավոր պատասխան:
Պաշտպան Վ. Հովհաննիսյանը ներկայացրեց տուժողի իրավահաջորդի գրավոր պատասխանը, որում Սևակ Հ.-ի մայրը կետ առ կետ իր անհամաձայնությունն էր հայտնել առաջադրված մեղադրանքին:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ իր որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են: Որպես հիմնավորում, մասնավորապես, նշվում է, որ դեպքի վայրում չի հայտնաբերվել կրակված պարկուճը:
Մայրը նշել է, թե որդին չէր կարող ինքնասպանություն գործել, քանի որ նախորդ գիշերը հեռախոսով խոսել է իրենց հետ, սննդամթերք ու հիգիենայի պարագաներ է ուզել, լավ տրամադրություն է ունեցել: Սևակը, ըստ մայրիկի, չի ընդունել ինքնասպանությունը, նույնիսկ ծաղրել է այդ քայլին գնացողներին:
Մոր կարծիքով՝ Նարեկ Չ.-ի գործողությունները չէին կարող Սևակին մղել ինքնասպանության, Սևակի ու Նարեկի հարաբերությունները վատ չեն եղել, ահա թե ինչու՝ մայրը բացառել է, որ Սևակը Նարեկի պատճառով ինքնասպանություն գործեր:
Նույն գրավոր պատասխանում մայրը որդուն ինքնասպանության մղելու այլ՝ նոր ենթադրյալ ու «միակ» պատճառ է ներկայացրել՝ հորեղբոր հետ ունեցած հարաբերությունները: Բանն այն է, որ տատիկը խոստացել էր իր տունը Սևակին տալ, բայց հորեղբայրն այդ տունը վերցրել էր, վերջին շրջանում հորեղբայրը պարբերաբար խոսել է Սևակի հետ ու պնդել է, թե տունը նրան չի հանձնելու, մինչդեռ Սևակը, ըստ մոր, ապագայի բոլոր պլանները այդ տան հետ էր կապում…
Այնուհետև տուժողի իրավահաջորդը ևս մեկ հայտարարություն էր արել իր գրավոր պատասխանում՝ նշելով, թե ամուսինը «մի փեշ փող է ծախսել», որ Նարեկ Չ.-ին առաջադրված մեղադրանքը՝ որդուն ինքնասպանության հասցնելու համար, չփոխվի…
Պաշտպանը, դատարանին ներկայացնելով տուժողի իրավահաջորդի կողմից ստորագրված գրավոր պատասխանները, նշեց, թե դրանք նոր նյութեր են, որոնք հաստատում են իրենց վերաքննիչ բողոքի հիմքերը: Այդ նյութերը, ըստ պաշտպանի, ի հայտ են եկել վերաքննիչ բողոք բերելուց հետո:
Պաշտպան Վ. Հովհաննիսյանը միջնորդեց փաստաբանական գրավոր հարցումն ու տուժողի իրավահաջորդի գրավոր պատասխանը, որպես «այլ փաստաթուղթ»՝ կցել քրեական գործին, ճանաչել որպես ապացույց, կցել նաև պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքին՝ ներառելով բողոքի սահմանների մեջ…
Մեղադրող դատախազ Ս. Խաչատրյանն ասաց, թե դեմ չի՝ հիշյալ գրավոր տեքստերը քրեական գործին կցելուն, սակայն դրանք չեն կարող դիտվել որպես ապացույց: Ըստ մեղադրողի՝ գործով տուժողի իրավահաջորդի փոփոխությունից հետո փոխվել է տուժող կողմի դիրքորոշումը: Երբ գործի քննության սկզբում տուժողի իրավահաջորդը Սևակի հայրն էր, նա մինչև վերջ էլ Նարեկ Չ.-ին առաջադրված մեղադրանքը հիմնավոր էր համարում, նույնիսկ քաղաքացիական հայցի պահանջ էր ներկայացրել: Իսկ երբ տուժողի իրավահաջորդ դարձավ Սևակի մայրը, լրիվ փոխվեց նախկին դիրքորոշումը: Ըստ մեղադրողի՝ տուժողի իրավահաջորդը կարող է դատարան ներկայանալ ու հարցաքննվել, ոչ թե գրավոր տեքստ ուղարկել…
Դատարանի՝ պաշտպանին ուղղված հարցադրումներում շոշափվեց փաստաբանական հարցման նյութերը որպես ապացույց ճանաչել-չճանաչելու օրինականության հարցը: Դատարանը նշեց, որ ի տարբերություն փաստաբանական հարցման գրավոր պատասխանի՝ տուժողի իրավահաջորդը կարող է ներկայանալ ու դատարանում ցուցմունք տալ՝ նախապես նախազգուշացվելով ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, այդ դեպքում կլինեն երաշխիքներ, որ անձը նախազգուշացվելուց հետո է գործի վերաբերյալ նոր հանգամանքներ հայտնում, այդ դեպքում կարող է խոսք գնալ ցուցմունքի՝ որպես ապացույցի վերաբերելիության, թույլատրելիության մասին: Իսկ փաստաբանական հարցման գրավոր պատասխանը ապացուցողական ուժ չի ունենա…
Պաշտպանը նշեց, թե փաստաբանական հարցման միջոցով նոր նյութերի ստացումը իրենց պաշտպանական մարտավարությունն է:
Դատարանը պաշտպանի միջնորդության քննարկումից հետո որոշեց՝ փաստաբանական հարցումը չի կարող որպես ապացույց ճանաչվել, փաստաբանի ներկայացրած նյութերը պարզապես կկցվեն քրեական գործին:
Պաշտպանը ներկայացրեց հաջորդ միջնորդությունը՝ կրկնակի հետմահու դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, քանի որ պաշտպանական կողմը չի ընդունում, կասկածելի է համարում գործում առկա դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը:
Պաշտպանը ներկայացրեց հարցերը, որ պետք է տրվեն փորձագետին: Մասնավորապես՝ Սևակի բնավորությունն ունեցող մարդը կարո՞ղ էր ինքնասպանություն գործելու հակում ունենալ: Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ Սևակը բնութագրվել էր միաժամանակ և՛ որպես ինքնամփոփ, և՛ որպես ժպտերես անձնավորություն: Միջնորդության մեջ հարց կար՝ կարո՞ղ էին մեկ մարդու մեջ այս «հակասական» հատկանիշները համատեղվել: Կամ՝ ի՞նչ գործոնի ազդեցության տակ մի քանի ժամվա ընթացքում կարող էր կայուն ներաշխարհ ունեցող անձը ինքնասպանություն գործելու որոշում կայացնել, ինչո՞ւ նախկինում՝ հենց Նարեկ Չ.-ի կողմից հայհոյանք կամ նվաստացնող արտահայտություն հնչեցնելուց անմիջապես հետո տուժողը նման քայլի չէր դիմել, այլ ինքնասպանություն էր գործել այն օրը, երբ Նարեկ Չ.-ն որևէ վիրավորական արտահայտություն կամ նույնիսկ ժեստ չէր արել: Դեպքից կարճ ժամանակ առաջ Սևակի դեմքին վնասվածք է եղել, այդ վնասվածքը ստանալու հանգամանքը կարո՞ղ էր պատճառահետևանքային կապ ունենալ ինքնասպանության հետ: Կարո՞ղ էին ինքնասպանության հետ պատճառահետևանքային կապ ունենալ ծառայողական քննությամբ ի հայտ բերված՝ զորամասի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված բացթողումները…
Մեղադրող դատախազ Ս. Խաչատրյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, թե քրեական գործում առկա դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը կասկածներ չի հարուցում, բացի այդ՝ փորձագետը հարցաքննվել է թե՛ նախաքննության ժամանակ, թե՛ առաջին ատյանի դատարանում, տվել է սպառիչ պարզաբանումներ:
Պաշտպան Վ. Հովհաննիսյանը միջնորդեց նաև նշանակել դիակի դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն՝ նշելով, թե այդ միջնորդությունը ներկայացրել էին քննիչին, վերջինս հետաձգել է միջնորդության լուծումը, այնուհետև բոլորովին չի անդրադարձել դրան: Նույն միջնորդությունը պաշտպանական կողմն արել է նաև առաջին ատյանի դատարանում, դատարանը մերժել է միջնորդությունը՝ ընդամենը 2,5 տողով՝ որ գործով կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պարզ է ու լրիվ, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան:
Մինչդեռ ըստ պաշտպանական կողմի՝ դատաբժշկական փորձաքննությամբ տրված չեն երկու կարևոր հարցերի պատասխաններ՝ տուժողի ճակատին արձակված կրակոցը ընդհո՞ւպ է եղել, և ի՞նչ դիրքում է գտնվել տուժողը վնասվածքը ստանալու պահին:
Պաշտպանական կողմի կարծիքով՝ լրացուցիչ փորձաքննության ժամանակ դատաբժիշկը պետք է պատասխանի տուժողի կողմից ինքն իրեն վնաս հասցնելու, ներկայացված զենքից ինքն իր վրա կրակելու, տվյալ վնասվածքը ստանալու հնարավորության վերաբերյալ հարցերին:
Մեղադրող դատախազն առարկեց այս միջնորդության դեմ ևս՝ նշելով, թե դիակի դատաժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ տուժողի ճակատային շրջանում՝ գնդակի մուտքի անցքի շուրջը, մրի ու կրակոցի արգասիքների հետքեր կան, կրակոցը կարող էր ընդհուպ լինել, կարող էր նաև ընդհուպ չլինել, այլ լինել շատ մոտ տարածությունից՝ 0-10 սմ հեռավորությունից …
Պաշտպան Վ. Հովհաննիսյանը շեշտեց՝ ինքնասպանության վերաբերյալ գործում ստացված չէ պատասխանը՝ կրակոցն ընդհո՞ւպ է եղել, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանն անհրաժեշտ է…
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի երկու միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:
Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանների վերոհիշյալ երկու միջնորդությունները բավարարեց մասնակիորեն: Դատարանը, որ գործը քննում էր վճռաբեկության կարգով, այսուհետ քննությունը կշարունակի վերաքննության կարգով: Դատարան կհրավիրվեն ու կհարցաքննվեն դատահոգեբանական փորձաքննությունն անցկացրած դատական հոգեբանն ու դիակի դատաբժշկական փորձաքննությունն անցկացրած փորձագետը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում