Մադրիդյան սկզբունքներն ընդունելը սայթաքում էր. Նավասարդյան
Ադրբեջանի նախագահը խաղաղասեր չի դարձել, պարզապես Հայաստանն է փոխվել։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Արման Նավասարդյանը` խոսելով Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման մասին:
«Բացարձակապես հակված չեմ մտածել, թե փոխվել է Ալիեւի քաղաքական մենթալիտետը եւ նա վաղը դառնալու է խաղաղության աղավնի։ Ոնց կար, այնպես էլ մնացել է։ Պարզապես Հայաստանն է փոխվել, եկել է լեգիտիմ իշխանություն, որի հետ չի կարող խոսել այնպես, ինչպես խոսում էր նախորդ իշխանությունների հետ եւ ասում էր՝ Աղդամն իրենց հայրենիքն է»,- ասել է քաղաքագետը:
Նավասարդյանը նույնպես դրական գնահատեց Փաշինյան - Ալիև հանդիպումը: Խոսելով Ղարաբաղը բանակցություններ վերադարձնելու մասին` նա ասաց, որ 1998 թ.-ին շնորհիվ «փայլուն դիվանագիտական դեմարշների» Արցախը դուրս մնաց: Նավասարդյանը շեշտեց, որ «Մադրիդյան սկզբունքներն ընդունելը մեր սայթաքումն էր», դրանից սահուն կերպով պետք է հրաժարվել: