ԱԺ-ն սկսում է Հարկային օրենսգրքի քննարկումը
Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Փաթեթի քննարկման համար գլխադասային է նշանակվել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ Այդ կապակցությամբ այսօր ժամը 15:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՓՄՁ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ հենց ՀՕ փաթեթի քննարկման նպատակով։ Օրակարգում են՝ 1. ՓՄՁ-ներին առնչվող հարկային օրենսդրությունում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրներ: 2. ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՕ-ի նախագծում առկա ՓՄՁ-ներին առնչվող խնդրահարույց դրույթներ: 3. Այլ հարցեր: ՓՄՁ աշխատանքային խմբի ՓՄՁ շահերը ներկայացնող անդամ կառույցներն են՝ 1. ՓՄՁ Ասոցիացիա: 2. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն: 3. Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ: 4. Հայկական բիզնես կոալիցիա: 5. Հայաստանի գյուղատնտեսական դաշինք: 6. Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն: 7. Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա: 8. Հայաստանի հյուրատների զարգացման ասոցիացիա: Քննարկմանը մասնակցելու են ներկայացուցիչներ՝ ֆինանսների նախարարությունից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից։ Քննարկումը բաց է լուսաբանման համար և ուղիղ հեռարձակվելու է», գրել է նա։

Քաղաքականություն