Հայտնի է Օրբելյանին փոխարինողի անունը. 168. am
Երեկ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշմամբ՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Թատերական միջավայրում համաձայն չեն նախարարության այս որոշման հետ, գործիչներն ընդվզում են, և վաղը ժամը 16:00-ին նախարարի պարտականությունները կատարող տիկնոջը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրել են թատրոն: Նախարարությունում տեղյակ չեն այս ժամադրությանը Նազենի Ղարիբյանի վերաբերմունքի մասին: Նախարարությունում Կոնստանտին Օրբելյանի ազատման հիմքերը զուտ իրավաբանորեն են հիմնավորում, այն է՝ ՊՈԱԿ-ի մասին օրենքով՝ անձը միևնույն ժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի: 168. am-ի աղբյուրները վստահեցնում են՝ Կ. Օրբելյանին առաջարկել են ընտրել երկու պաշտոններից մեկը, սակայն նախարարության կողմից տրված ընտրության հնարավորությունը մաեստրոն կտրականապես մերժել է: Նախարարությունում թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու պատրաստություն են տեսնում: Թեկնածուների երկու անուն է շրջանառվում՝ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյան: Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ լիազոր մարմինը հակված է Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Ավելին, հետագայում Արմեն Սարգսյանը մրցույթով կհաստատվի Օպերայի ազգային թատրոնի տնօրենի պաշտոնում: Մեր տեղեկությունների համաձայն՝ այս պաշտոնը նրան խոստացվել է դեռևս անցած տարի, իսկ պայմաններ ստեղծելու գործին անձամբ Լիլիթ Մակունցն է լծվել: Դեռ Մշակույթի նախարար եղած ժամանակ Լիլիթ Մակունցը ծածուկ սկսել է Օրբելյանի ձեռքից տնօրենի պաշտոնը խլելու գործընթացը: Սկզբում նախարարությունում գործի են դրվել բարոյական ճնշումների մեթոդներ, հետո շանտաժի թեմա է դարձել մաեստրոյի հայոց լեզվի չիմացության խնդիրը, անդրդվելի երաժշտին, ի վերջո, հեռացրեցին՝ հիմք ընդունելով համատեղությամբ 2 պաշտոններ զբաղեցնելու գործոնը: Լրատվականի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հաստատեց այս տեղեկությունները՝ ասելով որ՝ այո՛, իրեն դիտարկում են Կոնստանտին Օրբելյանի փոխարինող թեկնածու: Այս փուլում պարզ չէ միայն՝ ժամանակավոր պաշտոնակատարն ի՞նքն է լինելու, թե՞ ոչ: Հետագա զարգացումներից անկախ՝ երեկ Արմեն Սարգսյանը հասցրել է հանդիպել Կոնստանտին Օրբելյանին և խնդրել է, որպեսզի խոսեն-հասկանան իրար, Օրբելյանը չի մերժել: Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն