ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումն ընթացել է դրական եւ կառուցողական մթնոլորտում: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:
Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Վիեննայում առաջին անգամ հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի եւ Էնդրյու Շոֆերի հովանու ներքո:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպումն ընթացել է դրական եւ կառուցողական մթնոլորտում, եւ հնարավորություն է ընձեռել երկու առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները: Նրանք փոխանակել են կարծիքներ գործընթացի կարգավորման մի շարք կարեւոր հարցերի եւ գաղափարների շուրջ:
Երկու առաջնորդներն ընդգծել են խաղաղությանը նպաստող իրավիճակի ձևավորման եւ հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարեւորությունը հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ բանակցությունների գործընթացում:
Վերհիշելով Դուշանբեում կայացած զրույցը՝ առաջնորդները վերահաստատել են հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ուղիղ հաղորդակցության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Նրանք նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել մշակել մի շարք միջոցառումներ հումանիտար ոլորտում:
Վարչապետն ու նախագահը հանձնարարել են նախարարներին առաջիկայում կրկին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք նաեւ համաձայնել են շարունակել ուղղակի երկխոսությունը: