ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մողեսիկը» ներկայացել է ոստիկանություն
«Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության քրեական գործում որպես մեղադրյալ հետախուզվող՝ ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի՝ «Մողեսիկ» մականվամբ 19-ամյա Աշոտ Գրիգորյանը ներկայացել է բաժին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ին՝ ժամը 18:00-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել և հայտնել են, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:
Հոսպիտալացվելուց քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին է հնչել ևս մեկ ահազանգ: Նույն բուժհաստատությունից հայտնել են, որ 28-ամյա Համբարձում Եզեկյանը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվել է սպանության հատկանիշներով: Սկսվել է օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ:
Պարզվել է, որ երիտասարդը դանակահարվել է Տիգրան Մեծի պողոտայում: Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր և ծալովի դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է եղել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Էրեբունու բաժնի գործընկերների հետ կարճ ժամանակում պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ:
Նախնական տվյալներով՝ սպանված երիտասարդի և Սարի թաղում ապրող, 18-ամյա Աշոտ Գրիգորյանի միջև անհիմն վեճ է սկսվել: Անցորդների ներկայությամբ տեղի ունեցած պարզաբանումն էլ ավարտվել է դանակահարությամբ: Աշոտ Գրիգորյանը դիմել է փախուստի, դանակահարված երիտասարդն էլ՝ շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Օպերատիվ տվյալների հիմնավորման արդյունքում՝ նախաքննական մարմինը որոշում է կայացրել Աշոտ Գրիգորյանին ներգրավել որպես մեղադրյալ: Մարտի 20-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 27-ին հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: