Սանիթեքի հետ պայմանագիրը խզելը կբերի մեծ տուգանքների ու տույժերի վճարման
Իհարկե քաղաքի մաքրությունը ոչ բավարար ենք համարում. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նշեց, որ իրենք Սանիթեք ընկերությանը նկատողություն են անում:
«Ամենօրյա աշխատանքով կոմունալ վարչությունը ապացույցներով, լուսանկարներով ուղարկում է սխալները, որ ուղղեն: Ճիշտն ասած, մինչև այս պահը փոփոխություն նկատելի է բայց իհարկե բավարար չէ»,-ասաց նա:
Իսկ այլ օպերատորի ներգրավելու հարցն ինչ փուլում է, քաղաքապետն ասաց, որ երկրորդ օպերատորին ներգրավելու համար այս օպերատորի հետ պետք է խզեն պայմանագիրը:
«Բայց այստեղ էլ խնդիր կա, որ եթե խզենք, քաղաքապետարանը մեծ տուգանքներ ու տույժեր պետք է վճարի և այդ պատճառով ընթացակարգերով պետք է խզենք, որ ստացվի»,-ասաց նա:
Հարցին, թե բարձրահարկերի աղբատար խողովակները, հատկապես ամռան ամիսներին, խնդիր է, ի՞նչ են նախաձեռնում այս ուղղությամբ անել, Հայկ Մարությանն ասաց, որ աղբատարները փակելու խնդիրը բնակիչների տիրույթում է, և նրանց համաձայնության դեպքում միայն կարող են փակել:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր հանրապետության ողջ տարածքում իրականացվում է համապետական շաբաթօրյակ: