Ես էլ եմ ուզում մինչև կյանքիս վերջ այստեղ աշխատել․ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ մաքրուհիներին
Այսօր խորհրդարանում մաքրուհիները բողոքում էին իրենց աշխատավարձերի իջեցումից:
Նրանք նշում են, որ ԱԺ նոր ղեկավարությունը շենքի մաքրության ապահովման համար պայմանագիր է կնքել մասնավոր «Քլիներս» ընկերության հետ, որը պետք է իր պարտականությունների կատարմանն անցնի ապրիլի 1-ից, ու եթե նախկինում իրենք շուրջ 65 հազար դրամ աշխատավարձ էին ստանում 2 ժամ աշխատելով և այդ ընթացում հասցնում էին մաքրել ամբոջ խորհրդարանի շենքը, ապա ընկերությունը այդ ժամանակահատվածի համար նրանց 40 հազար դրամ է ուզում վճարել, իսկ ավել վճարելու համար առաջարկում է աշխատանքից հետո այլ աշխատանք կատարել տարածքում:
Մինչդեռ աշխատակցիները պնդում են, որ երկու ժամ առավոտյան ահռելի աշխատանք են կատարում ու ի վիճակի չեն լինի այլ տարածքում աշխատանքներ կատարել:
ԱԺ-ում բողոքող մաքրուհիները Խորհրդարանի միջանցքում հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին և նրան ներկայացրին բողոքը: Սիմոնյանն էլ նշեց, որ նրանց աշխատանքային պայմանագիրը վերջանում է, և ԱԺ աշխատակազմը հորդորել է մաքրությունը կատարող ընկերությանը շարունակել վճարել նրանց:
«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ չեք ուզում երկու ժամից ավել աշխատել, ինչո՞ւ չեք ուզում ավել գումար ստանալ», - հարցրեց պատգամավորը։ :
Մաքրուհիներից մեկն էլ նշեց, որ ուզում են աշխատել ԱԺ շենքի ներսում։
«Ես էլ եմ ուզում մինչև կյանքիս վերջ այստեղ աշխատել», - հակադարձեց Սիմոնյանը՝ ընդգծելով, որ նրանց հետ պայմանագիրը կնքվել է նախկին ադմինիստրացիայի կողմից, որն ավարտվում է, իսկ ներկա ադմինիստրացիան փորձում է նրանց աշխատանքի պահելու քայլեր անել:
Նա խոսքով՝ մաքրություն կատարող ընկերությունը պնդում է, թե կան մարդիկ, ովքեր իր առաջարկած աշխատավարձով կարող են գալ ու աշխատել, ուստի հորդորեց աշխատակիցներին գալ աշխատանքի կամ հավելյալ աշխատել՝ նշելով, որ ԱԺ աշխատակազմն ամեն ինչ ուզում է անել՝ նրանց աշխատանքի պահելու համար:
Երբ աշխատակիցներից մեկը նշեց, որ կարելի էր իրենց աշխատանքային պայմանները լավացնել ու մի քիչ ընդառաջել, Սիմոնյանը հակադարձեց. «Բա էդ ընդառաջելը էլ ոնց ա՞ լինում: Եթե պայմանագիրը ավարտվեր, կազմակերպությունը գալու էր, իր մարդկանց բերելու էր: Եթե թերահավատ եք, կարող եք գործից դուրս գալ ու տեսնել, որ այդ կազմակերպությունն իր մարդկանց է բերելու»։
Սիմոնյանը խորհուրդ տվեց աշխատակիցներին փոքր-ինչ երկար աշխատել, իսկ իրենք կփորձեն խոսել կազմակերպության հետ:
«40 հազար ա աշխատավարձը դարձել: Եթե իր աշխատողներին կբերի ու շենքը այսպես կմաքրվի, թող բերի: Մի հատ բողոք այսքան ժամանակ չի եղել այս շենքից», - ասաց աշխատակիցներից մեկը: