Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը հանդիպել են Մոսկվայում
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ այցի շրջանակներում Վլադիմիր Կարապետյանը մարտի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցերի:
Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը: Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: