Փաշինյանը՝ գազի գնի և հայ-ռուսական հարաբերությունների մասին
Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել այդ հարցը։ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում բացարել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև ԵԱՏՄ տարածքում ընդհանուր կարգավորման հարց է, քանի որ միության իմաստը հենց միասնական տնտեսական տարածքի ստեղծումն է։ «Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, պետք է, որ արտադրանքի գնագոյացման մեջ կարևոր մաս ունեցող ունեցող էներգակիրների գները լինեն հավասար, լինեն իրար մոտ»,- ասել է Փաշինյանը։ Խոսելով հայ-ռուսական հարաբերություններում առկա օրակարգից՝ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմի համար շատ կարևոր է, որ ռուսական հանրության բոլոր շերտերը հասկանան, թե որոնք են եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառներն ու նախադրյալները։ «Ցավոք, մինչև հիմա Ռուսաստանում շատ փորձագիտական շրջանակներ փորձում են Հայաստանում տեղի ունեցածը դասակարգել այսպես կոչված՝ գունավոր հեղափոխությունների շարքը։ Բայց մեզ համար շատ կարևոր է, որ մեր ռուսաստանյան ընկերներն ու գործընկերները հասկանան, որ տեղի ունեցածը չունի որևէ աշխարհաքաղաքական համատեքստ, և որևէ օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել գործընթացում»,- ասել է Փաշինյանը։ Նա այս խնդիրը բնորոշել է որպես Հայաստանի ու անձամբ իր արժանապատվության հարց։ Սա, ըստ Փաշինյանի, նույնն է, թե որևէ մեկը Հայաստանն օգտագործի իր սեփական աշխարհաքաղաքական կարիքների համար։ Մյուս հարցը, ըստ Փաշինյանի, այն է, որ Հայաստանը ձգտում է վստահելի լինել գործընկերների համար, այն գործընկերների, որոնց ինքը վստահելի է համարում։ Իսկ այն գործընկերներին, որոնք հայկական կողմը վստահելի չի համարում, պետք է դեռ գնահատել՝ արժե՞ նրանց առհասարակ գործընկեր համարել։

Քաղաքականություն