Կոռուպցիայի մանր ու մեծ չկա. Ոստիկանությունը՝ Էլինար Վարդանյանին
Ոստիկանությունն անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի հոդվածին, որում նա նշել էր, թե ոստիկանությունը բան ու գործ չունի՞, որ ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով է գնում:
Ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր մի գրառում է արել, որը տիրաժավորվում է սոցցանցերում: Գրառման էությունը ոստիկանությանը ներկայացված մեղադրանքն է, թե կոռուպցիոն մեծ ռիսկերը թողած՝ մանր դեպքերի բացահայտումով են զբաղվում:
Նախ՝ կոռուպցիայի մանր ու մեծ չկա, ավելին՝ երևույթն առավել քան վտանգավոր է, երբ գողանում են դպրոցից. այսօրվա աշակերտից գողանալը ապագա հասարակությանը կողոպտել է նշանակում: Եվ երկրորդ. եթե «մտահոգ ստատուսագիրը» իրեն նեղություն տար հետևելու լրահոսին կամ գոնե ոստիկանության կայքին, տեղյակ կլիներ և՛ «մեծ» կոռուպցիոն բացահայտումներին, և՛ հանրությունից այդ եղանակով գողացված ու այսօր վերադարձվող միլիոնավոր դրամների գումարներին:
Վերջին օրինակը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության այսօր իսկ բացահայտած կոռուպցիոն խոշոր դեպքն է:
Խորհուրդ ենք տալիս անաչառ ու ազնվորեն մտահոգ լինել ու գրառումներ անել միայն իրողություններին ողջ ծավալով իրազեկ լինելու դեպքում՝ ձեռնպահ մնալով զուտ ինչ-որ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից»:
Էլինար Վարդանյանի գրառմանը կարող եք ծանոթանալ այստեղ․ https://www.radioaurora.am/novosti/2019-02-19-cheq-hognel-pahak-dayak-buzhquyr-u-pakanagorts-brnelutselinar-vardanyan.html