«Երբ քայլում են, քայլում են, քայլում են․․․» վերնագրով շարադրություն՝ դպրոցում․ քաղաքական քարոզչությո՞ւն, թե՞ սխալմունք
8-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են թեմայով շարադրություն։ «168 ժամ»-ը մասնավորապես տեղեկություն էր ստացել, որ նման դեպք է եղել Երեւանի թիվ 56 հիմնական դպրոցում անցկացված օլիմպիադայի տարածքային փուլի ժամանակ, սակայն նույն պատկերն է եղել ողջ քաղաքի տարածքային փուլերի ժամանակ։
Լրատվամիջոցը գրել էր․ «Սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ, փաստորեն, ընդդիմության կողմից այնքան քարկոծված, նախկինում օլիմպիադաների ժամանակ տրված հայրենասիրական թեմաներին փոխարինելու է գալիս կուսակցական, իշխանական քարոզի պարտադրանքը։ Ի՞նչ պետք է 13-14 տարեկան երեխան գրի վերոնշյալ թեմայով, ի՞նչ պատկեր են ցանկանում տեսնել այդ «դարակազմիկ» գաղափարի հեղինակները։ Այսպե՞ս են իշխանությունները պատկերացնում կրթական համակարգի ապաքաղաքականացումը։ Ի դեպ, այսպես մեկ էլ խորհրդային տարիներին էին անում, երբ դպրոցականները ստիպված էին սերտել «Ленин в шалаше»-ի կարգի դասեր։ «Տրամաբանական» կլինի, եթե հանրապետական փուլի շարադրության թեման վերաբերի, օրինակ, արագաչափեր «սքոչելուն» կամ ներքնաշորերով դրանք փակելուն, կամ էլ թե՝ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքը պաշարելուն»:
Թեմայի վերաբերյալ AuroraNews-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ: Նա, մասնավորապես, ասել է, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է։
«Շարադրությունների վերնագրերը հանձնարարվել է կազմել ուսուցչին։ Օլիմպիադայի տարածքային փուլի գաղտնիությունը պահպանելու համար ոչ ոք նախապես չի նայել, թե ինչ վերնագրեր են ընտրված։ Իհարկե տեղի ունեցածից հետո մենք էլ բավական քննարկումներ ունեցանք։ Ուսուցիչը մեկնաբանել է, որ այդ վերնագրում նա տեսել է երեխաների՝ դեպի աագան միտված հայացքները տեսնելու մոտիվացիա։ Կածում եմ, որ մենք պետք է վերահսկեինք։ Էստեղ քաղաքական ենթատեքստ չկա, ընդամենը եղել է ուսուցչի ընտրությունը»,- ասել է նա։
Ստեփանյանի խոսքով՝ շարադրությունները ստուգելուց հետո քննարկումներ կլինեն, և պարզ կլինի՝ երեխաներն, այնուամենայնիվ, քաղաքական ենթատեքստ տեսել են, թե ոչ:
Աննա Ստեփանյանը հավաստիացրել է, որ քաղաքական քարոզչություն դպրոցներում չի տարվում: Մասնագետներին կտրվի հատուկ հանձնարարական բացառել այսուհետ նման թեմաները:
ինչ վերաբերում է հայրենասիրական թեմաներով շարադրությունները իշխանական քարոզի պարտադրանքով փոխարինելուն, Ստեփանյանը նշեց, որ հայրենասիրական վենագրերով շարադրություններ երեխաները գրել են միշտ։
«Դպրոցներում հայրենասիրական դաստիարակությունը միշտ է եղել, կա ու կլինի։ Դա նախատեսված է կրթական ծրագրով։ Եվ մենք ոչ միայն իրավասու չենք դա հանել, այլև հայրենասիրական դաստիարակություն տալը մեր պարտքն է»,- ասել է կրթության վարչության պետը։