ԶՈւ-երը կհամալրվեն գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների եւ ՀՕՊ արդի համալիրներով
Կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման եւ հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով եւ ավտոմատացված ու ռոբոտացված օդային եւ վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի եւ կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը եւ արդյունավետությունը: Այս մասին ասված է կառավարության ծրագրի պաշտպանության ոլորտի քաղաքականության բաժնում:
Ըստ այդմ, նշվում է, որ անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը, ուշադրության կենտրոնում է մնալու տեխնիկական միջոցներով առաջնագծի հետեւողական համալրումը եւ մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը։
Միջոցներ են ձեռնակվելու, որ զինված ուժերի կառավարման համակարգը լինի առավելապես ավտոմատացված, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն եւ տեխնոլոգիական գերակայություն ու հագեցվածություն, ինչպես նաեւ կիբեռ- պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ կարողություններ, առաջնորդվի նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու եւ գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքով:
Մարդկային կապիտալի զարգացման նպատակով անձնակազմի կառավարման, կրթության եւ պատրաստության ոլորտների բարեփոխումները նպատակաուղղվելու են զինծառայողների կրթական ցենզի եւ ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը, պետական կառավարման եւ քաղաքացիական հանրության կարող ուժերն առավելագույնս ներգրավելուն եւ առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելուն:
Կառավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված եւ կրթական չափորոշիչների հետ փոխկապակցված ծառայողական առաջխաղացման քաղաքականությունը եւ զարգացնելու է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգը:
Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, երաշխավորել նրանց ամբողջական եւ որակյալ իրային ու պարենային բավարարումը: Սոցիալական պաշտպանվածության, զինվորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել բնակարանային եւ բժշկական ապահովման ծրագրեր։