Օրվա լրահոս

ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Միջնորդությունը ներկայացվել էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը: Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել: Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը:

Վերջին նորություններ