Օրվա լրահոս

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարկան չի ներկայացնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր սպասվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, քանի որ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը: «Նախ, ուզում եմ հիշեցնել, թե ինչ էր ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ: Նա շեշետել էր, որ նախնական տվյալներով, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերի 9-10 -ին, ապա պետք է հրաժարական տա Ձեր նշած ժամանակահատվածում: Իսկ եթե ընտրությունների օրը, ասենք, 2-3-5 օրով տեղափոխվի, ապա հրաժարականի ժամանակահատվածն էլ հետևաբար փոխվում է, դա կլինի առաջիկայում»,-նշեց նա: Արման Եղոյանն ընդգծեց, որ հրաժարականի օրը կապված է նաև մի շարք այլ հարցերից, որոնց ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում: Հիշեցնենք, որ Սահմանադրության համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նշենք, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հետ վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին հուշագիր ստորագրել է միայն «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Վերջին նորություններ