«Օլիմպավանում» օտարերկրացի մարզիկներին րոպեներ են տվել հեռանալու համար. տնօրեն
Խուզարկության օրը՝ հունիսի 6-ին, «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաքների մասնակցող 4 երկրի՝ ԱՄՆ-ի, Կատարի, Ռուսաստանի և Ղազախստանի տարբեր մարզաձևերի շուրջ 60 մարզիկներ են եղել, որոնց իրավապահները միայն մի քանի րոպե են տվել անձնական իրերը վերցնելու և կենտրոնի տարածքը լքելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է կենտրոնի տնօրեն Իշխան Սեդրակյանը։
Հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան ու նրան պատկանող մի շարք օբյեկտների խուզարկություններից հետո իրավապահները դադարեցրել են դրանցից շատերի գործունեությունը։ Արդեն հինգերորդ օրն է, ինչ կապարակնքված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որի տարածքում գործում է նաև «Օլիմպավանը»։
«Մարզիկները զարմացած էին, որովհետև որևէ քաղաքակիրթ երկրում երևի նման բան չէիր տեսնի։ Իրենց համար աբսուրդ էր այդ վիճակը, մարզիկին մի 5 րոպե ժամանակ են տալիս շորերը, անձնական իրերը հավաքելու համար, ու օտար երկրից եկած մարզիկն անորոշ վիճակում է հայտնվում։ Ի՞նչ մեղավորություն ունի այս ամբողջ պատմության մեջ մարզիկը»,- ասել է Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ից ժամանած մարզիկներին ապաստան է տվել հայ ըմբիշներից մեկը, իսկ Ռուսաստանից եկած բասկետբոլիստներին նույնպես տեղավորել են։ Տնօրենը նշել է, որ օրերն այնքան խառնաշփոթ են եղել, որ չի հասցրել պարզել, թե որտեղ են տեղավորվել Կատարից և Ղազախստանից ժամանած մարզիկները։
Սեդրակյանի խոսքով՝ թեև Հայաստանում կան ուսումնամարզական հավաքներ անցկացնելու այլ վայրեր, սակայն դրանք համեմատելի չեն «Օլիմպավանի» հետ, և պատահական չէ, որ այն կառուցվել է որպես օլիմպիական մարզաբազա։
«Ուսումնամարզական հավաքներն ամեն մեկն իր տեղանքն ունի, անհրաժեշտ ճնշում և այլն։ Նման վայր ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ տարածքում էլ շատ քիչ կան»,- ասել է տնօրենը։
Նա նշել է, որ կենտրոնն ունի 180 սենյակ և կարող է միաժամանակ ընդունել այդքան մարզիկի, որոնք կներկայացնեն 5-6 մարզաձև։ Բացի այդ, կենտրոնում մարզվում են բազմաթիվ պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկներ, որոնք աբոնեմենտներ ունեն և նույնպես հայտնվել են անորոշ իրավիճակում։
Սեդրակյանի խոսքով՝ ՀՀ քննչական կոմիտեին միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով թույլատրել գոնե մասնակի վերականգնել կենտրոնի գործունեությունը կամ առնվազն իրականացնել տեխնիկական սպասարկում։
«Մեծ քանակի սնունդ կա պահեստավորված, փչանալու է, լողավազանի ջուրը, օդափոխության համակարգը սպասարկման կարիք ունեն։ Թույլ չեն տալիս մոտենալ թեկուզ քլորի կայաններին, միացնել, անջատել կամ սովորական հսկողություն իրականացնել»,- նշել է տնօրենը։
Նա նաև հայտնել է, որ բազմաթիվ զանգեր է ստանում աշխատակիցներից։ Նրա խոսքով՝ եկել է աշխատավարձերի վճարման ժամանակը, սակայն դա նույնպես չեն կարողանում անել։ Աշխատակիցներն ունեն վարկեր և այլ ֆինանսական պարտավորություններ, սակայն զրկվել են ապրուստի միջոցից։